ՀՀ Ազգային ժողովում մեկնարկած «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, անդրադառնալով մեր երկրի պաշտպանական համակարգին վերաբերող մի շարք խնդիրների՝ նշեց, որ այս նոր օրենքը միտված է նրան, որ բանակում ծառայող բոլոր սպաներին բնակարաններ հատկացվեն հարմար պայմաններով. «Սպաների բնակարանային ապահովման ծրագրով՝ վերջին տարիներին բնակարան է ստացել մոտ 1700 սպա։ Սակայն խնդիրը դեռ չի լուծվել, քանի որ եղել են սպաներ, որ արհեստականորեն վատթարացրել են իրենց բնակարանային պայմանները ու արդյունքում ձևավորվել է բնակարանի խնդիր ունեցող սպաների հսկայական ցուցակ»,-ասաց նախարարը:
Նախարարը նշում է, որ խոսքը վերաբերում է մինչ օրս գործած բոլոր հիպոթեքային ծրագրերի համեմատ անհամադրելի ավելի հարմար պայմաններին։ «Ընդ որում՝ յուրաքանչյուր սպա, անկախ նրանից, ինքը հայրական տուն ունի, թե հատուկ վատթարացնում է իր պայմանները, ծառայության ընթացքում մեկ անգամ կարող է այդ ծրագրից օգտվել։ Որևէ բան կեղծելու, սարքելու խնդիր չի լինի», - ասաց Վիգեն Սարգսյանը:
Վերջինիս խոսքով՝ կա նաև մեկ այլ խնդիր՝ սահմանային տարիքի հասած սպայական անձնակազմի զորացրման հարցը. այս նոր օրենքով առաջարկվում է չերկարացնել սպաների սահմանային տարիքը. «Օրենքով կարող էր երկարացվել մինչև հինգ տարի, և այդ գործընթացը սուբյեկտիվ էր, կամ կարող էին չերկարացնել, հետաձգել։ Արդարության նկատմամբ լուրջ խնդիր էր ձևավորում սպայական անձնակազմի շրջանում, կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում իր մեջ», – ընդգծում է նախարարը և հավելում, որ առաջարկվող փոփոխությունով՝ պետք է այլևս չերկարացնել սպաների սահմանային տարիքը: