Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԵՊՀ տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետի ֆինանսներ բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի արդեն նախկին ուսանող Անուշ Սարգսի Տեր-Մեսրոպյանին հեռացրել են համալսարանից:
Վերջինիս մայրը շարունակում է պնդել, որ աղջկան հեռացրել են դեկանատի անկազմակերպ աշխատանքի պատճառով և իրենք պատրաստվում են պայքարել՝ իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու համար:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԵՊՀ նախկին ուսանողի մայրը՝ Համասփյուռ Ավագյանն ասաց, որ ՀՀ ԿԳ Նախարար Լևոն Մկրտչյանին է ուղարկել երկրորդ դիմումը՝ դստերը ԵՊՀ-ի մագիստրատուրայից անհիմն հեռացնելու վերաբերյալ. «Առաջին պատասխանում համալսարանի հեռակա ուսուցման գծով դեկանի տեղակալը մեղադրում է դստերս՝ իր պարտականությունների թերացման մեջ, և որ մենք մեր մեղքը բարդել ենք ուրիշների վրա (սա իր խոսքերն են` գրված պատասխանում):
Ես խնդրել եմ Նախարարին՝ հանգամանալից ուսումնասիրել գործը, որովհետև դեկանատը կառչում է իրեն հարմար տարբերակներից և ոչ մի խոսք չի ասվում լուծարքային քննությունների կարգի մասին, իսկ ռեկտորն այդպես էլ չի ընդունում ինձ, որպեսզի իրականությունը ներկայացնեմ և եղելությունը բացատրեմ»,- ասաց նա:
Տիկին Համասփյուռը նշեց՝ ուզում է իմանալ, թե ինչո՞ւ է համալսարանը զրկել իր երեխային լուծարքային բոլոր հնարավորություններից, այն դեպքում, երբ չի տեղեկացրել լուծարքային քնությունների օրը, ընդ որում՝ մեկ օրում նշանակված է եղել 5 քննություն. «Ի դեպ, դեկանատը կանչել է խմբի ավագին, և իր ձեռքով բացատրություն գրել տվել, որ նա տեղեկացրել է աղջկաս քննությունների օրերը, սակայն խոսքը լուծարքային օրերի մասին է, որի մասին խոսք անգամ չկա: Երբվանի՞ց է միայն ավագին տեղեկացմամբ քննության օր նշանակում Մայր ԲՈՒՀ-ը, ինչո՞ւ չի կիրառվում կարգը, երբ ուսանողն իրավունք ունի օգտվել իրեն ընձեռված ուսման բոլոր հնարավորություններից»,- մտահոգություն հայտնեց ծնողը:
Նա ընդգծեց, որ ընդամենը քննությունները վերահանձնելու հնարավորություն էին խնդրում, քանի որ իրենց պնդմամբ՝ թյուրիմացության հետևանքով է տուժել ուսանողը. «Մայր ԲՈՒՀ-ը չի ուզում իր վարկանիշը ընկնի, ես էլ չեմ ուզում իրենց պատճառով իմ երեխան տուժի...»,- եզրափակեց ծնողը: