Այսօր՝ հոկտեմբերի 14-ին նշվում է Երեւանի տոնը:
Այս տարի միջոցառումները կանցկացվեն չորս հիմնական բաղադրիչով՝ տես, լսիր, զգա և սիրիր Երևանը:
«Էրեբունի-Երևան 2799» ծրագիրը կկրի «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսը:
Ինչպես տեղեկացանք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար Երևանի տարբեր հատվածներում տեղակայված բեմահարթակներում կկազմակերպվեն ավանդական դարձած բազմաժանր՝ ռոքի, ջազի, դասական, ինչպես նաև ազգային երաժշտության համերգային ծրագրեր:
«Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2799» տոնական միջոցառումների մեկնարկը, ավանդույթի համաձայն, տրվել է վաղ առավոտից` ջրցան մեքենաների տոնական շքերթով:
Տոնական շնչով ձևավորված ջրցան մեքենաների երթը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից և, անցնելով Մաշտոցի պողատայով, հասել է մինչև Հանրապետության հրապարակ՝ ազդարարելով տոնական օրվա սկիզբը:
Երևանյան փողոցներին «ջրային թարմություն» հաղորդելու և տոնական օրվա գեղեցիկ մեկնարկը տալու գործին սիրով ներգրավվել էին Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության, օպերատիվ ծառայությունների և «Սանիթեք» ընկերության աշխատակիցներն ու շուրջ 70 միավոր հատուկ տեխնիկան: Տոնական երթի ողջ ընթացքն անցավ կանուխ արթնացող երևանցիների հիացական հայացքների և ոգևորող բացականչությունների ներքո։
Այս տարի մշակութային առումով ակտիվ կլինի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից Խաչքարերի պուրակը: Այստեղ կկազմակերպվի «Հին ու նոր Երևանս» խորագրով ցուցահանդեսը, «Ես ու Երևանս» մանկապատանեկան տոնական համերգը: Ժողովրդական արվեստի յուրօրինակ փառատոնային հարթակի կվերածվի Էրեբունի փողոցը: Կարապի լճի հարակից տարածքում էլ կտեղակայվեն լուսանկարչական տաղավարներ: Իսկ Սարյանի անվան պուրակում նկարիչների ձեռքով կստեղծվի «Մեկ կտավ Երևանիս» աշխատանքը, որը կնվիրաբերվի Երևան քաղաքի պատմության թանգարանին:
Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների շրջանակում կանցկացվեն մի շարք նոր ծրագրեր: Այդ թվում հոկտեմբերի 14-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի օդագնացության միջազգային փառատոնը, որն առաջին անգամ է անցկացվելու Երևանում: Առաջին անգամ կկազմակերպվի նաև «Խելացի քաղաք» ցուցադրությունը: Թամանյանի արձանի հարևանությամբ տարբեր կրթարանների պատանիները կներկայացնեն իրենց ինտերակտիվ մոտեցումներն ու մտահղացումները: Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների ծրագրով սպասվում են նաև մի շարք հետաքրքիր մարզական նախաձեռնություններ: Բացի այդ, կլինեն նաև բազմաթիվ անակնկալ ֆլեշմոբեր, որոնք կմեկնարկեն ամենատարբեր վայրերում և տարբեր ժամերի:
«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումները կեզրափակվեն Ազատության հրապարակում անցկացվելիք երիտասարդական դիսկոտեկով և տոնական հրավառությամբ:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ծրագրում չի ներառվել ծավալով ամենամեծ՝ Հանրապետության հրապարակի տոնական գալահամերգը: