Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։ Ստեղծագործությունը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայաստանյան հանդիսատեսը կծանոթանա ծանր ռոք, ալտերնատիվ մետալ, արտ ռոք, ֆոլկ ռոք և այլ ժանրերում հանդես եկող Սերժ Թանկյանի սիմֆոնիկ գործին։ Ինքը' Թանկյանը, նշում է, թե իր համար պատիվ է, որ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարում է իր հեղինակած սիմֆոնիան:
«Orca Symphony No 1»-ն ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013թ. հունիսի 25-ին:
Երաժիշտն ասում է, որ գրել է «Օրկան» մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Ստեղծագործության չորս բաժինները ներկայացնում են խոյադելֆինի կյանքի ճանապարհը:
«Ստեղծագործության առաջին բաժինը կոչվում է Victorious Orcinus, և այն հիմնականում ներկայացնում է խոյադելֆինի կյանքը, թե ինչպես է նա կարողանում դառնալ հաղթական կենդանի, սպանել, ֆիզիկական տեսանկյունից հասնել այն ամենին, ինչ հնարավոր է այս մոլորակում:
Երկրորդ բաժնում խոյադելֆինը որոշում է խորանալ ջրի տակ՝ մեդիտացիայի և խորն ինքնավերլուծության նպատակով: Երկրորդ և երրորդ բաժինների միջև խոյադելֆինը գիտակցում է, որ ինքը նման է դելֆինի: Մենք նրան անվանում ենք խոյադելֆին, բայց այն պատկանում է կաթնասունների տեսակին, դելֆին է: Այս տեսանկյունից խոյադելֆինն ու դելֆինը մարդկության լավ ու վատ տարատեսակներն են: Ես փորձում եմ ասել, որ մենք և՛ լավն ենք, և՛ վատը: Մենք մեր ներսում ունենք բազում գույներ ու խավար: Եվ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ գնալ դեպի լույսը և հավատալ կյանքին:
«Օրկա» սիմֆոնիայի վերջին մասը կոչվում է Lamentation of the Beached: Այստեղ խոյադելֆինը կամ կարող ենք ասել՝ մարդկությունը, գիտակցում է, որ մեր կյանքն այս մոլորակում սահմանափակ է և ոչ տարիքի ու ֆիզիկական գոյության տեսանկյունից: Այն սահմանափակ է մոլորակի տարիքի կամ մոլորակի համար արածի տեսակետից։ Այս գիտակցումը հսկայական ինքնակայացում է: Հույս ունեմ, որ կհավանեք «Օրկայի» չորս բաժինները, և ևս մեկ անգամ շնորհակալ եմ, որ լինելու եմ Խաչատրյանի փառատոնի մասնիկը»,- ասում է Սերժ Թանկյանը:
Հոկտեմբերի 19-ին խաչատրյանական փառատոնի համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի նաև Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Որպես մենակատար հանդես կգա վիրտուոզ դաշնակահար Լևոն Կարապետյանը։
Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։