Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի բացահայտումները, դրան հաջորդող իրադարձություններն ընդգծում են, թե որքան կարեւոր է լինել Հայաստանի եւ Արցախի կողքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 18-ին Բելգիայում Եվրոպահայության չորրորդ համագումարի պաշտոնական բացմանն այս մասին ասել է Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:
«Դա այն է, ինչ շարունակում ենք անել ես եւ իմ գործընկերները»,-նշել է ԵԽ պատգամավորը եւ հավելել, որ թեպետ նախորդ նմանատիպ հանդիպման ժամանակ խոստացել էր հաջորդ հանդիպմանը խոսել հայերենով, սակայն դեռեւս դա անել չի կարող:
Նա վստահություն է հայտնել, որ ապագայում անպայման հնարավորություն կունենա արդեն Եվրախորհրդարանում ողջունել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, ով նույնպես ներկա է եղել համագումարի բացման արարողությանը:
«Հուսով եմ՝ Եվրախորհրդարանը, որը եվրոպական ժողովրդավարության տունն է, կլինի տուն նաեւ այնպիսի երկրների համար, որոնք անդամ չեն»,-ընդգծել է Ֆրանկ Էնգելը:
Նա շաբաթվա ամենատխուր իրադարձություն է որակել Մալթայում օֆշորային սկանդալների գործով զբաղվող լրագրողի սպանությունը եւ շեշտել, որ եթե այսպիսի խաղաղ երկրում է կատարվում նման դեպք, ապա դա առիթ է տալիս մտածելու իրավիճակի ողջ լրջության մասին:
«Ինչպես պարզվեց, նա մի լրագրող էր, ով զբաղված էր կոռուպցիոն սկանդալին իր երկրի գլխավոր դեմքերի մասնակցության բացահայտմամբ, նաեւ Ադրբեջանում կոռուպցիայի բացահայտման գործով: Սա տեղիք է տալիս մտորելու, թե որքան խորն է Ադրբեջանի կոռուպցիայի արմատները Եվրոպայում, ինչպիսի ազդեցություն այն ունի, եւ թե ինչքան ագրեսիվ ու տարանջատող կարող է լինել այդ ազդեցությունը Եվրոպայում»,-եզրափակել է նա: