Կարեն Կարապետյանի մուտքը քաղաքականություն մեծ ոգևորություն առաջացրեց հայ հանրության լայն շրջանակներում։ Կառավարության նոր ղեկավարն իր թիմով ձևավորեց նախադեպը չունեցող քաղաքական իմիջ, որն, ինչ խոսք, սկզբնական շրջանում գերհուսադրող էր։ Նախապես խոստացված բարեփոխումների հարյուրօրյա ժամկետը առաջին հուսալքություններն առաջացրեց, ինչին հաջորդեց Կառավարության անփոփոխ գործելաոճը՝ որն է հասնել միմիայն հրապուրիչ քաղաքական իմիջի ձևավորման։ Հայ ժողովրդի կեցության ծանրացմանը զուգընթաց աճող հիասթափության ալիքի պատճառը սին խոստումներն ու չիրագործված ծրագրերն էին։

Փաստացի ունենք այն, ինչ ունենք․ կործանման եզրին կանգնած տնտեսություն, խայտառակ ցուցանիշներ  բոլոր ոլորտներում և անվերջ արտագաղթող հասարակություն։ Ցուցանիշներ ու արդյունքներ ասելով ի նկատի ունենք այն պատկերը, որը քաղաքացին տեսնում է սառնարանը բացելիս։ Իսկ, սառնարանը բացելիս, հայ քացաքացին տեսնում է այն, ինչին իրականում հասել է Կառավարությունը մեկ տարվա «քրտնաջան» աշխատանքի արդյունքում՝ դատարկություն։

Այս ամենին հակառակ զարմանք է առաջացնում Կառավարության ներկայացուցիչների բոցաշունչ հայտարարություններն իրենց կողմից գրանցած վերելքների մասին։ Մասնավորապես, այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հպարտությամբ նշել է, որ Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականությունն իրեն ամբողջովին արդարացրել է, և, որպես ապացույց, նախարարը  ներկայացրեց իրենց իսկ վիճակագրական տվյալները, որոնք, մեղմ ասած, կասկածի տեղիք են տալիս։  21 տոկոս արտահանման աճ, որն, ըստ նախարարի, մոտակա տարիներին կհասնի մինչև 40-45 տոկոսի, ինչպես խոստացել էր նախագահը։ 

Թե ինչպես է պատրաստվում գործող Կառավարությունը դա անել, խիստ հարցական է մնում այն պայմաններում, երբ Հայաստանում սպառվող ցորենի 50 տոկոսը ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից, երբ Հայաստանը ունի բոլոր ռեսուրսներն ինքն իրեն բավարարելու ցորենի անհրաժեշտ պաշարով, բազմաթիվ անմշակ հողատարածքներ, աշխատուժ, հումք և բավարար ֆինանսական ռեսուրս, ինչն, անհամեմատ, ավելի քիչ գումար է կազմում, քան անհաժեշտ է ներմուծվող ցորենի համար։

Փաստերը համադրելիս ականատես ենք լինում անտրամաբանական պատկերի և, այս ամենը քաջ գիտակցելով, Կառավարության անդամները ոչ միայն  չեն էլ փորձում արդարացնել աղետալի իրավիճակը, այլև շարունակում են այնպիսի հայտարարություններով հանդես գալ, որ տպավորություն է ստաղծվում, թե կորցրել են իրականության զգացումը։

Հարկավոր է հասարակության կենսամակարդակը բարձրացնել, ոչ թե հենվելով սին ցուցանիշների վրա ինքնախաբեությամբ զբաղվել։ 

Վաչիկ Գրիգորյան