Հայաստանն առանց ատոմակայանի գոյություն ունենալ չի կարող: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրվելիք համաձայնագրում առկա կետին, որը վերաբերում է ՀԱԷԿ-ը՝ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը փակվելուն:

Քաղաքագետի կարծիքով՝ եթե անգամ Մեծամորի ատոմակայնը փակվի, ապա Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն նոր ատոմակայան կառուցելու մասին. «Պետք է նշեմ, որ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերում այդ կետը կար, սակայն նախագահի ժամկետը կլրանա 2018թ.-ի ապրիլին և նրան մինչև հիմա չի հաջողվել ներդրողներ գտնել, ովքեր կհետաքրքրվեին Հայաստանում ատոմակայան կառուցելու ծրագրով: Իսկ եթե ներդրողներ չկան, ապա պետությունն ինքը պետք է մտածի պետական մակարդակով նոր ատոմակայան կառուցելու մասին»,- ասաց նա: 

Համբարյանը նշեց՝ ինքը դեմ է ատոմակայանը փակելուն, սակայն նկատեց նաև, որ այն արդեն բավականին հին է և ժամանակի ընթացքում մեծ վտանգ  է ներկայացնելու ոչ միայն Արարատյան դաշտի և Հայաստանի բնակչության, այլև ամբողջ տարածաշրջանի համար. «Հարկավոր է մտածել նոր ատոմակայանի կառուցման մասին: Բայց մինչ նոր ատոմակայանի կառուցումը, Մեծամորի ատոմակայանն անշուշտ պետք է աշխատի, որովհետև այն մեր անվտանգության կարևոր երաշխիքներից է: Ունենալով Թուրքիայի, Ադրբեջանի նման հարևաններ՝ մեր էներգետիկ անվտանգությունը շատ մեծ նշանակություն ունի մեզ համար»,- ասաց նա՝ օրինակ բերելով 1992-95 թթ. խայտառակ ցուրտ տարիները, երբ քաղաքական թոհուբոհի ժամանակաշրջանում ատոմակայանը փակվեց և մենք կանգնեցինք «կոտրած տաշտակի առաջ»:

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանում նոր ատոմակայան չկառուցելու դեպքում այդ բացը ոչ մի ձևով հնարավոր չէ լրացնել:

Նշենք, որ Արդարադատությոն նախարարն ասել է, որ ատոմակայանը չի փակվի այնքան ժամանակ, մինչև նորը կառուցվի կամ փոխարինվի արևային էներգետիկայով: Անդրադառնալով դիտարկմանը՝ արդյո՞ք նախարարի նշած արևային էներգետիկան չի կարող լրացնել ատոմակայանի բացը, քաղաքագետը պատասխանեց.

«Իհարկե չի կարող: Առաջինը՝ արևային էներգետիկայի համար ահռելի մեծ ռեսուրսներ է պետք ներդնել, և երկրորդ՝  ատոմակայան ունենալու դեպքում, ինչու չէ, մենք տարածաշրջանում կդառնանք էլեկտրաէներգիայի խոշոր արտահանող: Միայն չպետք է մտածենք մեր ներքին պահանջարկը բավարարելու մասին, պետք է մտածենք նաև, որ մենք կարող ենք նույն Իրանի հյուսիսին, Վրաստանի հարավին ևս էլեկտրաէներգիա մատակարարել էժան գնով»,- նշեց նա՝ ավելացնելով, որ սրանով կնպաստենք նրան, որ Վրաստանն այդքան կապված չլինի Ադրբեջանին:

Համբարյանը նշեց՝ իր համար զարմանալի է Եվրամիության նման դիրքորոշումը. «Քանի որ Եվրամիությունում մեծ ուշադրություն է դարձվում էկոլոգիական, բնապահպանական անվտանգությանը, կարծում եմ՝ դրանով է պայմանավորված, եթե իհարկե, սրա տակ քաղաքական դրդապատճառներ չեն թաքնված»,- ընդգծեց նա:

Սոնա Հարությունյան