Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով Հայաստանի բուհերում տղա ուսանողներին տրվող տարկետման ձևը փոխվում է։ Ակադեմիական տարկետման իրավունքն, ըստ էության, վերացնելը շատ ուսանողների մոտ դժգոհություններ է առաջացրել:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց հավաքների նպատակը հանրային քննարկումները խթանելն է, քանի որ մարդիկ տեղյակ չեն օրենքից. «Մենք ուզում ենք լսելի դարձնել նրանց կարծիքները, ովքեր դեմ են, իսկ ովքեր կողմ են, իրենց փաստարկներն ենք ուզում տեսնել:
Մենք բանավեճ-քննարկում ենք ուզում նախագիծը մշակողների, առաջադրողների հետ: Լսել ենք իրենց հիմնավորումները և ուզում ենք նաև մերմտահոգությունները ներկայացնել իրենց»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մինչ այս պահը ոչ մի արձագանք չեն ստացել:
Դավիթն անդրադառնալով՝ ՊՆ նախարարության հիմնավորումներից մեկին, այն է՝ տարկետումն օգտագործվում է բանակից խուսափելու ձև, ընդգծեց, որ իրենք համամիտ ենք այս տեսակետին, սակայն կարծում են՝ դա կրթական համակարգի խնդիրն է. «Տարկետումը վերացնել՝ խնդրի ակունքները չլուծելով, կրթական համակարգում կոռուպցիան չեն վերացնի: Օրենք ընդունելու դեպքում ոտնահարվելու են նրանց իրավունքները, ովքեր ուզում են գիտությամբ զբաղվել, իսկ կոռուպցիան շարունակելու է մնալ:
Մեր ցանկությունն է, որ նույն կրթական ոլորտում փոփոխություններ արվեն, ոչ թե պաշտպանության ոլորտում օրենքն ամբողջովին փոխեն ու հույսով լինեն, որ կրթական համակարգում դրանով ինչ-որ բան կփոխվի»,- նշեց ուսանողը:
Անդրադառնալով պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցներից մեկին, որտեղ խոսելով հարցի շուրջ՝ վերջինս անձնական օրինակն էր բերել՝ նշելով, թե զինվորական կրթություն ստանալու հետ մեկտեղ ցանկացել է զբաղվել զինվորական գիտությամբ, սակայն ծառայողական պարտականությունը թույլ չի տվել զբաղվել դրանով, և միայն 30 տարեկանում հնարավորություն է ունեցել ընդունվել մագիստրատուրա և 34-ում միայն թեկնածուական պաշտպանել, Դավիթը նկատեց, որ օրենքը պետք է ընդունել ոչ թե մի քանի անձնական օրինակի վրա հիմնվելով, այլ անցկացված հետազոտությունների.
«Արծրուն Հովհաննիսյանը բառացի ասաց, որ այնտեղ պայմաններ չկային, որ զբաղվեր և եկել ու 30 անց նոր սկսել է զբաղվել կրթությամբ: Այսինքն ինքն էլ է ընդունում, որ բանակում նախադրյալներ չկան:
Բայց պետք է հաշվի առնել նաև մյուս դեպքերը, որոնք ավելի շատ են, երբ մարդիկ բանակից գալով ոչ միայն գիտությամբ չեն կարողանում զբաղվել, այլև կրթությունը շարունակել, քանի որ այլ խնդիրների առաջ են կանգնում՝ աշխատանք գտնել, ընտանիք կազմել, ծնողներին օգնել»:
Նա կոչ արեց դասախոսներին, այլ համալսարանների ուսանողներին միանալ, իրենց աջակցությունը հայտնել, որովհետև յուրաքանչյուրի մասնակցությունը մեծ նշանակություն ունի:
Մեզ հետ զրույցում՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից Վահան Կոստանյանն էլ ընդգծեց, որ իրենց նախաձեռնությանը աջակցություն են հայտնում կրթական ոլորտի ներկայացուցիչներ, գործող գիտնականներ, հասարական գործիչներ. «Շատերի արձագանքը մոտ օրերս արդեն լսելի կլինի։ Անձնական խոսակցությունների ժամանակ դասախոսների մեծ մասը ևս կողմ է մեր պայքարին։ Մենք վստահ ենք մեր պայքարի ճշմարտացիության մեջ ու սպասում ենք պատասխանատու կողմերի պատասխանին։ Հատկապես կարևորում ենք ԿԳՆ արձագանքը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ խնդիրը նախ և առաջ ԿԳՆ իրավասությունների ոլորտում է, ոչ թե ՊՆ-ի:
Անդրադառնալով ակցիայի ձևաչափին՝ Վահանն ասաց, որ իրադարձությունների զարգացումը ցույց կտա, թե ինչպիսի ընթացք կստանա շարժումը։
Սոնա Հարույթյունյան