ԱԺ առողջապահության եւ սոցիալական հացերի մշտական հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ թոշակները ու նպաստները չեն բարձրացնում, որպեսզի բյուջեի միջոցները խնայեն ավելի մեծ նպատակների համար, իսկ ծախսերը կրճատվում են, որպեսզի բյուջեում առկա ֆինանսական միջոցները առավել նպատակային օգտագործվեն։

Թե այդ ինչ գլոբալ և կայսերական մասշտաբների հասնող նպատակ ունի իշխանությունը, որը ավելի կարևոր է քան մարդկանց կենսամակարդակի բարձրացումը՝ դժվար է ասել։ Մինչդեռ եթե անգամ ծախսեր են կրճատվել, դրանք կրճատվել են ՀՀ քաղաքացիների հաշվին, այլ ոչ թե նրանց համար: Պաշտոնյաները իրենց չեն կարողանում զրկել բիզնես կարգի չվերթներից, սակայն հասարակ մահկանացուները չգիտես ինչու պետք է բավարարվեն օրվա հացով և համբերությամբ սպասեն  արդեն 10 տարի ՀՀԿ-ի կողմից խոստացվող պայծառ ապագային: Սպասեն մի իրավիճակում, երբ առաջին անհրաժեշտության ապրանքների գները աճում են երկրաչափական պրոգրեսիայով։ Բացի այդ, ըստ Հակոբ Հակոբյանի դեռ մի բան էլ քաղաքացիներն են իշխանություններին ստիպում կտրվել իրենց գլոբալ նպատակներից և անիմաստ բեռի տակ ընկնել, քանի որ եթե մարդը կարող է աշխատել պետք է աշխատի։ Նույն Հակոբյանը շատ լավ գիտի, որ իր հարազատ կուսակցությունը մատը մատին անգամ չի խփում այդ աշխատատեղերով մարդկանց ապահովելու համար, փոխարենը, գրեթե յուրաքանչյուր օր կառավարության օպտիմալացումների արդյունքում տասնյակ մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը: Հակոբյանին չի՞ հետաքրքրում այդ մարդիկ որտեղ գնան աշխատեն, մինչ կառավարությունը գումար է  խնայում միայն իրեն հայտնի գլոբալ նպատակների համար։

 

Ստելլա Խաչատրյան