Դվինի հնավայրի համար ծրագիր կազմելու, ֆինանսավորում ստանալու և գիտական մասնագետների միջոցով այն ներկայանալի դարձնելու համար կառավարության ուշադրությունը կհրավիրեն խնդրին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ Արարատի մարզպետի հետ պայմանավորվել են խնդիրը ներկայացնել առաջիկա մեկ ամսում:
«Կարծում եմ, Դվինի հնավայրի համար պետք է համապետական ծրագիր ստեղծենք: Հատկապես, երբ համայնքների համար գերակայություն ենք հռչակել զբոսաշրջությունը: Մարզերի ռազմավարության հիմնական ուղղություններից գլխավորը, գյուղատնտեսության հետ, նաև տուրիզմն է: Ունենալ այսպիսի պատմական վայր և այն չշահագործել այնպես, որ եկամուտ բերի երկրին և շրջակա բնակչությանը, ցավալի է: Մենք Արարատի մարզպետի հետ պայմանավորվեցինք, որ խնդիրը առաջիկա մեկ ամսում կփոխանցենք կառավարության քննարկման դաշտ»,-ասաց Լոքյանն ու հավելեց՝ կարծում եմ, կառավարության առաջնային ծրագրերից մեկն էլ կարող է սա դառնալ:
Նախարարը նկատեց Դվինի հնավայրը անհրաժեշտ կերպով ներկայանալի դարձնելու խնդիրը: «Հունաստանում կամ Իտալիայում այսպիսի վայրերում միլիոնավոր մարդիկ են այցելում: Մենք առանձնապես բան չունենք անելու, անհրաժեշտ է պարզապես այն ներկայացնել»,-ասաց նախարարն ու հավելեց՝ պետք են համապատասխան ծրագիր, ֆինանսավորում և գիտական մասնագետների աշխատանք:
Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանի խոսքով՝ իրենք ևս աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ: «Մեկ ամիս առաջ առաջարկություն ենք ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարություն՝ հնավայրի տարածքում ցուցանակներ տեղադրելու համար: Այցելուների մեծ հոսք է լինում հնաբերդ, սակայն ոչ մի տեղեկություն չկա գրված, ցուցանակները կօգնեն ծանոթանալ մանրամասներին»,-ասաց Վարդանյանն ու հավելեց՝ զբոսաշրջիկների մեծ հոսք է լինում հատկապես երեկոյան ժամերին, երբ վերադառնում են Խոր Վիրապից:
Մարզպետ Արամայիս Գրիգորյանի կարծիքով, հնաբերդն առանձնահատուկ է այն առումով, որ մարզում զարկ է տալիս զբոսաշրջությանը: «Այս տարի ասֆալտապատել ենք դեպի հնաբերդ բերող ճանապարհը, որպեսզի հյուրերը հեշտությամբ գան և տեսնեն պատմամշակութային այս կենտրոնը: Կփորձենք հաջորդ տարի ևս ասֆալտապատման աշխատանքներ կատարել»,-եզրափակեց մարզպետը: