Սպանություն, ինքնասպանություն լինում է բոլոր բանակներում և բանակից դուրս:

Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով բանակում օրեցօր ավելացող սպանությունների և ինքնասպանությունների դեպքերին: Նրա խոսքով` պետք է ավելի սիստեմատիկ վերլուծություններով և հետևողական աշխատանքով նվազագույնի հասցնենք այդ դեպքերը:

«Նման դեպքերից որևէ մեկը երաշխավորված չէ և այդ դեպքերը լրջանալու, բայց ոչ երբեք հուսահատվելու առիթ պետք է լինեն»,-ասաց նա:

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն Զինված ուժերում, որոնք ներգրավված են մարտական գործողությունների մեջ, հոգեբանական լարվածությունը, միջանձնային հարաբերությունները հաճախ տեղի են տալիս նման դրամատիկ հետևանքների:

Մենք ևս ապահովագրված չենք դրանցից և որպես հասարակություն, մենք պետք է ահազանգը լսելիս ոչ թե հուսահատվենք, այլ վերլուծություն կատարենք»,-ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: