Ադրբեջանի քաղաքական և փորձագիտական շրջանակներում վերջին շաբաթներին շրջանառվում են լուրեր այն մասին, որ Ադրբեջանը Բելառուսից գնում է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Մասնավորապես, նշվում է, որ թեման եղել է վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Մինսկ այցի օրակարգային հարցերից։ Արդյոք հստակ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է՝ պարզ չէ, սակայն Հասանովի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահը հայտարարել է, որ «մտադիր չէ որևէ մեկի առաջ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական համագործակցության համար»։ Ադրբեջանի haqqin.az իշխանամետ կայքն այս առնչությամբ գրել է, որ Ադրբեջանն իսկապես Մինսկից գնել է վերոհիշյալ համակարգը։ Կայքը, ընդ որում, հղում է անում Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտին (SIPRI), որն իբր հաղորդել է, որ գործարքն արդեն իրականացվել է, և Բաքուն անգամ «կանխավճար է տվել»
 
Ակնհայտ է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի տրամադրումը Բաքվին ստիպել է համաչափ պատասխան փնտրել, և այդ պատասխանը Ալիևը գտել է հենց Մինսկում: Եթե «Պոլոնեզ» համակարգն ի վերջո հայտնվի Ադրբեջանի ձեռքում, կկարողանանք փաստել, որ ՀԱՊԿ արդեն երկրորդ անդամն է սկսում Ադրբեջանին զենք-զինամթերքի վաճառքը: Բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների բնույթը լուրջ հարցեր է առաջացնում Հայաստանում և Ռուսաստանում, որոնք Բելառուսի հետ միասին՝ ՀԱՊԿ անդամ են։ Բաքվին ռազմավարական սպառազինությունների մատակարարումը միանշանակորեն չի լավացնի Երևանի և Մինսկի հարաբերությունները: Մոսկվան էլ, անկասկած, փորձելու է զսպել այդ համագործակցությունը կամ ճնշել Բելառուսին։ Պատճառն ակնհայտ է՝ Ռուսաստանն ինքն է Բաքվի զենքի խոշորագույն մատակարարը։
 
Այս կայանները համարվում են ամենահեռահար ՀԿՌՀ-ներից: Ադրբեջանում «Պոլոնեզ» համակարգեր հայտնվելու դեպքում՝ իրենց 200 կիլոմետր հեռահարությամբ, Հայաստանի ամբողջ տարածքը՝ Հյուսիսային շրջանները՝ բուն Ադրբեջանի տարածքից, կենտրոնական ու հարավային շրջանները՝ այդ թվում մայրաքաղաք Երեւանն ու Արարատյան դաշտը՝ Նախիջեւանից, կհայտնվեն ուղիղ կրակի սպառնալիքի ներքո: Խոսքը տվյալ պարագայում ոչ թե «Պոլոնեզի» միջոցով «Իսկանդերի» հրթիռները ոչնչացնելու կամ դրանից պաշտպանվելու մասին է, որովհետև սրանք հակահրթիռային համակարգեր չեն, այլ համանման զինատեսակ ձեռք բերելու մասին, որի շնորհիվ Ադրբեջանը ենթադրաբար, քիչ թե շատ կվերականգնի հավասարակշռությունը: Իսկ ինչ վերաբերում է «Իսկանդերի» հրթիռներից ուղղակիորեն պաշտպանվելու՝ Ադրբեջանի մտահոգությանը, հիշենք, որ 2016 թ. սեպտեմբերին Հայաստանում «Իսկանդեր» համալիրներն առաջին անգամ ցուցադրելուց հետո Ադրբեջանի ղեկավարությունը երկար ժամանակ փորձում էր հանգստացնել ադրբեջանական հանրությանը կեղծ լուրերով, թե իրենք պատրաստվում են Իսրայելից գնել «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության միջոցներ, որոնք իբր թե կարող են հակազդել «Իսկանդերին», թեև այդ լուրերը հետագայում այդպես էլ չհաստատվեցին: Սա, իհարկե, քննարկման այլ թեմա է: Բայց վերադառնանք «Պոլոնեզին»: Անշուշտ, սրանք չունեն այն հզորությունն ու ճշգրտությունը, ինչ «Իսկանդերը», բայց ամեն դեպքում՝ որոշ փորձագետներ կարծում են, որ դրանք քիչ թե շատ կարող են համեմատվել «Իսկանդերի» հետ:
 
Առհասարակ, հեռահար զինատեսակները, որոնց միջոցով ցանկացած երկիր թեկուզ տեսականորեն կկարողանա հարված հասցնել հակառակորդ երկրի բոլոր կետերին, առաջին հերթին հակառակորդի որոշումների կայացման ժամանակն են փոքրացնում: Իսկ ռազմաքաղաքական որոշումների կայացման հարցում՝ հատկապես պատերազմների ժամանակ, անգամ վայրկյանները նշանակություն ունեն: Հայաստանի ունեցած «ՍԿԱԴ» եւ «Իսկանդեր» հրթիռներն և հատկապես «Իսկանդեր»-ները, հենց այդ խնդիրն էին լուծում՝ քանի որ Ադրբեջանի ունեցած միջոցներով հնարավոր չէր Հայաստանի ամբողջ տարածքը դարձնել խոցելի, իսկ հայկական միջոցներն Ադրբեջանի ցանկացած կետ դարձնում էին այդպիսին: Ու եթե Ադրբեջանը ձեռք բերի «Պոլոնեզ», հայկական կողմի այդ առավելությունը ինչ-որ չափով կչեզոքացվի՝ անգամ հաշվի առնելով, որ օրինակ, «Իսկանդեր»-ները կառավարելի ու գերճշգրիտ զինատեսակ են, իսկ «Պոլոնեզ»-ը ուղղորդվող, բայց ոչ կառավարելի:
 
 
Ստելլա Խաչատրյան