«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Հոկտեմբերի 31-ի առավոտյան Ազգային ժողովի մոտ վերջապես տեղի ունեցավ առեւտրականների ցույցը՝ «Առինջ մոլ»-ի եւ մյուս տոնավաճառների աշխատակիցների մասնակցությամբ: Միտինգի մասին տեղեկությունները մեզ հասել էին երկու շաբաթ առաջ, բայց այն տեղի ունեցավ այսօր՝ զուգադիպելով մի քանի իրադարձությունների բացասական վերջաբանին:

Միտինգը, որը տեղի էր ունենում հանուն փաստաթղթաշրջանառության դեմ պայքարի, հաջորդում էր մի քանի հետաքրքիր իրադարձությունների:

Արդեն տեղեկացրել  էինք, որ առեւտրականների եւ հարկայինի միջեւ «սեւ կատու անցավ» այն բանից հետո, երբ ՊԵԿ-ը լայնամասշտաբ ստուգումներ իրականացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող խոշոր ընկերություններում:

Կապ կա՞: Մեր այս դիտարկմանը Ծառուկյանների ընտանիքին պատկանող բարեգործական հիմնադրամի տնօրեն, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը հորդորեց աղերս չփնտրել երկու գործողությունների մեջ: Երեկ «ՀԺ»-ի հարցին պատասխանելով՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը գրեթե նույն պատասխանը տվեց: Բնական է, որ երկու կողմից այլ պատասխան չէր էլ հնչելու:

ԱԺ նախորդ քառօրայի օրակարգում էր ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆաջյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Նախագծով՝ ըստ հեղինակների, փորձ է արվում ճշգրտել գերիշխող դիրքի կարգավիճակ ունեցող սուբյեկտների սահմանները: Ըստ այդմ, 1.5 մլրդ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները կարող են համարվել գերիշխող դիրք ունեցողներ։

Երեկ էլ, երբ ԲՀԿ-ի նշյալ պատգամավորները հանդիպեցին ցուցարարների հետ, բառացի նշեցին, թե նրանց խնդիրը լուծող իրենց օրենքի նախագիծը  մերժվեց:

Մելքումյանը մասնավորապես ասաց. «Մենք գիտենք ձեր պրոբլեմները եւ հունվարի 1-իվ նոր Հարկային օրենսգիրքը մտնելու է շրջանառության մեջ: Դուք տեսնում եք, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներս մի քանի օրենսդրական նախագծեր ենք դրել  շրջանառության մեջ՝ կապված շրջանառության հարկի շեմը նույնը թողնելու, բայց տեսաք, որ կառավարությունը դա մերժեց: Մենք գիտենք ձեր խնդիրները կապված առեւտրի փաստաթղթավորման հետ՝ դրված է լուրջ փաստաթղթավորման խնդիր: Ճիշտ է, ամեն ինչ պետք է լինի կարգ ու կանոնով, բայց հարկայինը չպետք է դառնա առանց այն էլ քիչ եկամուտ ստացողների, ծանր աշխատողների համար մի մահակ, ճնշի եւ պարտադիր, որ վերջին տառն էլ կատարվի»,- ասաց Մելքումյանը:

Ծառուկյանի ընկերությունում ՊԵԿ-ի ստուգումները, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների նախագծի մերժումը եւ առեւտրականների միտինգը ակնհայտորեն կապված են իրար հետ, եւ չի բացառվում, որ այս իրադարձությունների ետեւում նաեւ քաղաքական ենթատեքստ կա, որն առայժմ լավ չի նշմարվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում