Հայաստանում շմոլ գազից թունավորումների թիվն այս տարի աճել է: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկացրին, որ 2017 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում շմոլ գազից թունավորումների 276 դեպք է գրանցվել: «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերի թիվն ավելացել է 112-ով»,-տեղեկացրին նախարարությունից՝ հավելելով, որ այս տարի շմոլ գազի թունավորումներից 7 զոհ ունենք (նախորդ տարվա այդ ժամանակահատվածում մահացության դեպք չի գրանցվել): «Այս տարի շմոլ գազից թունավորման արդյունքում տուժել է 613 մարդ, նախորդ տարվա 388-ի փոխարեն»,-տեղեկացրին նախարարությունից:
Շմոլ գազի թունավորումներից առաջատարն այս տարի Երեւանն է'127 դեպքով' նախկին 58-ի փոխարեն: «Շմոլ գազից թունավորումներով ամենաքիչը աչքի է ընկնում Վայոց ձորի մարզը (1 դեպք), նախորդ տարվա Տավուշի մարզի փոխարեն (0 դեպք)»,-նշեցին ԱԻՆ-ից:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շմոլ գազից թունավորումները հիմնականում գրանցվում են անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով: «Մեր բնակիչները հաճախ լաթով փակում են օդատարերը, անջատում են անվտանգության համակարգը, ինչն էլ բերում է դժբախտ պատահարների»,-ասաց նա:
Գրիգորյանը նշեց, որ անվտանգության համակարգն անջատելու կամ օդատարերը փակելու համար օրենքով տուգանքներ կամ տույժեր չեն նախատեսվում: «Ջեռուցման սեզոնին մեր մասնագետները անվտանգության նկատառումներից ելնելով ստուգումներ են իրականացնում մոտ 685 հազար բաժանորդի բնակարաններում»,-հավելեց Աշոտ Գրիգորյանը: