Հայաստանը շարունակելու է գինեգործության և կոշիկի արտադրության ոլորտների զարգացման ուղղությամբ քայլերի իրականացումը: Այդ մասին «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Լրագրողը նշել է, որ մինչ այժմ մեր երկիրը հայտնի է եղել իր կոնյակով, սակայն գտնվելով Հայաստանում՝ բացահայտել են հայկական գինին և կատակելով ՀՀ Նախագահին հարցրել. «Ինչո՞ւ էիք այսքան ժամանակ թաքցնում այն մեզնից»:

Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում գինեգործությունն ունի դարերի պատմություն, և «դա մեր գնահատականը չէ»: «Խորհրդային տարիներին Հայաստանը մասնագիտացել է կոնյակի արտադրության ոլորտի վրա: Վերջին հինգ տարիների ընթացքում մեզ մոտ կտրուկ ավելացել է գինեգործությամբ զբաղվող ֆերմերների թիվը: Բացի այդ, մեր երկրում ներդրումներ են կատարել մեր մի քանի հայրենակիցներ, ովքեր ապրում են Հայաստանից դուրս և արդեն վաղուց աշխատում են այս ոլորտում: Իրականում, այսօր Հայաստանում արտադրվում է որակյալ գինի: Ցավոք, դեռևս ծավալները փոքր են, բայց ասեմ, որ 2016 թվականին 2014-ի համեմատ գինու արտահանումը Ռուսաստան ավելացել է 70 տոկոսով»,- ընդգծել է ՀՀ Նախագահը:

Անդրադառնալով կոշիկի արտադրությանը՝ լրագրողը նկատել է, որ խորհրդային տարիներին Հայաստանը եղել է նաև կոշիկի արտադրության կենտրոն և հետաքրքրվել, թե ինչ ծրագրեր են նախատեսվում այս ոլորտում: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոշիկի արտահանումն աճել է 48 տոկոսով: «Իրականում այս ոլորտում ունենք մեծ ներուժ, ավանդույթներ, մարդիկ մնացել են, և մենք կզարգացնենք նաև կոշիկի արտադրության ոլորտը: Ասեմ, որ այժմ Հայաստանում արտադրվում է առանձնահատուկ կոշիկ շատ հայտնի մարդկանց համար, բայց դա թիվ չէ: Կարծում եմ, որ երկու տարի անց կկարողանանք խոսել այն մասին, որ այդ ավանդույթը Հայաստանում վերականգնվել է»,- շեշտել է ՀՀ Նախագահը: