Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն արդեն երկու ամիս է՝ ղեկավարում է Վարդան Մկրտչյանը: ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել՝ ի՞նչ է փոխվել թատրոնում այս ամիսների ընթացքում և ինչ է  պատրաստվում է անել երիտասարդ ղեկավարը թատրոնի զարգացման համար: 

Եվ այսպես, մեր զրուցակիցն է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

-Պարոն Մկրտչյան, երկու ամսից ավելի է՝ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի տնօրենն եք: Նախկինում ղեկավարում էիք Համազգային թատրոնը: Խնդիրները նո՞ւյնն են, թե՝ տարբեր այս թատրոններում:

-Թատրոնն ինձ համար առանձին օրգանիզմ է, ճիշտ մարդու նման, և ինչպես մարդիկ են տարբեր, այնպես էլ թատրոններն են տարբեր՝ իրենց խնդիրներով: Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի խնդիրներն ու շերտերը շատ տարբեր են, ավելին՝ կան դետալային տարբերություններ: 

-Եթե մատնանշելու լինեք առկա խնդիրները, կարո՞ղ եք ֆիքսել դրանց մեջ ամենամասշտաբայինները, որոնք հրատապ լուծումներ են պահանջում:

-Իհարկե՛, այդպիսիները կան, և դրանք ես կանվանեի ոչ թե խնդիրներ, այլ՝ առաջնահերթություններ, որոնցից ամենահրատապը հասարակություն-թատրոն կապը նոր որակի բերելն է: Սա  ամեն ինչի հիմքերի հիմքն է և, կարելի է ասել, ամենածանր աշխատանքը սա է: 

-Իսկ ինչպե՞ս եք իրականացնելու այդ ամենածանր աշխատանքը. առաջին քայլերն այս ուղղությամբ որո՞նք են լինելու:

-Նախ, մենք ամբողջապես փոխում և թարմացնում ենք թատրոնի ներկայանալու ձևը: Սկսած գովազդային վահանակներից՝ վերջացրած թատրոնի կայքով՝ նորացվում է ամեն բան: Ստեղծում ենք կայք, որի միջոցով թատրոնի հանդիսատեսը կարող է անմիջապես թատրոնից ձեռք բերել տոմսեր: Մեր նպատակն է ստեղծել այնպիսի կայք, որի միջոցով մեր թատրոնը ներկայանալի կլինի միջազգային ցանկացած կառույցում: Մյուս կողմից, թատրոնի ֆեյսբուքի և ինստագրամի էջերը նույնպես շատ ակտիվ են: Այսինքն՝ արվում է որակական և համակարգային փոփոխություն՝ հասարակության և հանդիսատեսի հետ ամենօրյա կապի մեջ լինելու համար: 

Առաջնահերթությունների շարքում է նաև աստեղծագործական գործընթացի անընդհատությունը: Ես, գալով մայր թատրոն, կարողացա այս կարճ ժամանակահատվածում մի քանի գլխավոր գործընկերներ գտնել, ովքեր օգնում են, որ կայանա «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացումը: Վստահաբար, գտնելու ենք այլ գործընկերներ ևս, ովքեր կաջակցեն այլ ներկայացումների կայացմանը: 

Ինձ համար առաջնահերթությունների շարքում է նաև մեր և՛ դերասանների, և՛ ադմինիստրատիվ ողջ ռեսուրսի թարմացումը: Թատրոնի դռները պետք է  բացել շնորհքով, արդեն ինչ-որ չափով կայացած երիտասարդների առաջ: Մեզ թարմ ուժեր են պետք: 

Որպես առաջնահերթություն՝ հավելեմ նաև մեր հեռանկարային ծրագրերը, որոնց միջոցով նպատակ ունենք ներկայանալ միջազգային դաշտում: 

-Սոցցանցերի, կայքերի նման ակտիվության և հեռուստաընկերութունների այս բազմազանության մեջ արդյոք հասարակությանը թատրոնը կարողանում է գրավել, այս առումով մրցակցություն կա՞, թե՞ ոչ:

-Թեև մենք այսօր լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, բայց պետք է նշեմ, որ այն, ինչ առաջարկում է թատրոնը, երբեք որևէ հեռուստաընկերություն և ինտերնետ հարթակ չի կարող առաջարկել, ուստի, այս առումով մենք մրցակցության մեջ չենք կարող լինել, քանի որ մենք նույն տեսակը չենք և մեր  մատուցած արժեքն իր գինը երբեք չի կորցնում:

-Սովորաբար ո՞ր տարիքային խումբն է հաճախակի այցելում թատրոն:

-Որպես կանոն, թատրոն հաճախում են 30-55 տարեկանները: 

-Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում այս բացը լրացնել և թատրոնի հետ կապել երիտասարդներին:  

-Փակագծերը չբացելով՝ միայն կարող եմ նշել, որ այդ բացը լրացնելու համար շուտով առաջարկելու ենք բացառիկ, երբևէ մեր իրականության մեջ չօգտագործված մոդել, որն անպայման եղանակ է փոխելու: 

-Արդյո՞ք բավարար ուշադրություն է դարձնում պետությունը թատրոններին:

-Պետությունը պարբերաբար պետական պատվերներ է իջեցնում, պետական աջակցության առումով՝ դժգոհելու որևէ բան չկա: Ես մեր քննադատական սլաքներն ուղղում եմ մեր ներսը: Խնդիրը մեր մեջ է, իսկ մենք ի՞նչ արտադրանք ենք տալիս այն էական գումարների դիմաց, որը մեզ հատկացնում է պետությունը: Հարց է առաջանում՝ տարիներ շարունակ պետությունից աշխատավարձեր ստացող մեր արվեստագետներն ի՞նչ արժեքներ են ստեղծում: Այ սա՝ մեծ հարցական է:

Մենք պետք է այդ պետական աջակցությունն ու սուբսիդիան մաքսիմալ արդյունավետ օգտագործենք: Եվ, եթե մենք նպատակ ենք դրել, որ Մայր թատրոնը պետք է լինի կամերտոնը հայաստանյան թատերական կյանքի, իսկ մենք այդպիսի նատակ դրել ենք, ապա մեր ամենօրյա աշխատանքով պետք է հասնենք դրան:  

-Թատրոնը վերազինվա՞ծ է ժամանակակից տեխնիկայով:

-Այսօր մենք այդ առումով մրցակցային ենք. թատրոնն ունի գրեթե 100 տոկոսանոց վերազինում, շուրջ 7 մլն եվրոյի ներդում է արվել այդ ուղղությամբ: 

-Իսկ խաղացանկով մրցակցայի՞ն եք:

-Խաղացանկով՝ ոչ: Մեր խաղացանկն ունի լուրջ թարմացման և վերաձևավորման կարիք: Ներկայացումներ կան, որոնք թատրոնի ռեպերտուարում են տարիներ շարունակ և մաշվել են: Ես դեմ եմ այն տենդենցին, երբ հին ներկայացումները նորից են բեմադրում: Հինն ապրել է իր դարը, դա արդեն պատմության էջ է. պետք է ներկայացնել նորը: Նույնը վերաբերում է նաև թատրոնում օգտագործվող դեկորացիաներին: Մեզ մոտ ամբողջությամբ փոխվել են, օրինակ, գովազդային վահանակները: Մենք շարժվում ենք գրաֆիկակական դիզայնով և հիմա թատրոնի մուտքի մոտ դրված են մեծ, լուսավորված թանկարժեք վահանակներ, և սա է ճանապարհը՝ որակ և տեսակ ցույց տալու համար: Իմ գործն է՝ նորը բերել և թատրոնը տանել 21-րդ դարի ճանապարհով՝ պահպանելով արժեքները, ինչն էլ անում եմ: 

-Եվ վերջում՝ անդրադառնանք նաև սերիալներին: Այսօր թատրոնի շատ դերասանների տեսնում ենք ամենատարբեր սերիալներում: Ի՞նչ կարծիքի եք այս երևույթի նկատմամբ:

-Սերիալում նկարահանվելը նույնպես դերասանի արվեստի և արհեստի մասն է: Օրինակ՝ Սերգեյ Բեզրուկովը, Մարտին Շինը չե՞ն նկարահանվում սերիալում: Դերասանը հո իկոնա՞ չէ, որին պետք է դնել բեմի վրա և վերջ: Դերասանը դերասան է, սրբություն չէ. մենք բոլորս մարդիկ ենք, ովքեր ծառաայում են իրենց երկրին, այնպես որ՝ արհեստական կուռքեր ստեղծել պետք չէ: 

 

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի