Երեկ հրավիրված մամուլի ասուլիսից անմիջապես հետո Կառավարության ղեկավարը մեկնեց Տաշքենդ՝ մասնակցելու ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: 

Ուզբեկստանում վարչապետը հանդիպում է ունեցել իր ուզբեկ գործընկերոջ հետ՝ ձեռք բերելով պայմանավորվածություններ: Այս հանդիպումից զատ վարչապետը մասնակցել է նաև ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստին, որի ժամանակ էլ, մեղմ ասած, զավեշտալի միջադեպ է արձանագրվել: 

Կառավարության կայքում հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ մեր վարչապետի առջև դրվել է ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Կոլումբիայի դրոշը: 

Դեռ պարզ չէ, սա կազմակերպչական վրիպակ է, թե ոչ, բայց որ կատարվել է անթույլատրելին, դա փաստ է: 

Հետաքրքիր է՝ վարչապետն է՞լ չէր նկատել, որ իր առջև դրել են ոչ թե ՀՀ-ի, այլ Կոլումբիայի դրոշը... 

Հավանաբար, սա չեն նկատել նաև Կառավարության մեր գործընկերները՝ հակառակ պարագայում այս լուսանկարը չէին հրապարակի` այն էլ Կառավարության պաշտոնական էջում: