«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը 2018 թվականի բյուջեի նախագծին որոշակի առումով ծանոթացել է և մտահոգված է, որ եկամտային մասն այդպես էլ չի ավելացել: Նրա կարծիքով դա խոսում է այն մասին, որ իրականում Հայաստանում ոչ տնտեսական զարգացում կա, ոչ էլ մոտ ապագայում կլինի, իսկ կրթության, ինչպես նաև այլ ոլորտների ֆինանսավորման կրճատումները նույնպես խոսում են այն մասին, որ առաջիկայում սոցիալական լարվածության մեծացում կլինի:

«Քաղաքացիների հոգսերը հոգալու փոխարեն ունենալու ենք մի իրավիճակ, երբ տարին բացասական տնտեսական ցուցանիշներով է անցնելու: Եթե դրան գումարենք իշխանությունների և ընդդիմության կողմից բյուջեի հանդեպ ունեցած պասիվ վերաբերմունքը, կարող ենք եզրակացնել, որ այն որևէ կապ չունի քաղաքացիների հետ: Այս օրերին Սեյրան Օհանյանի կնոջ ֆեյսբուքյան գրառումն ավելի մեծ հնչեղություն ստացավ, քան բյուջեի քննարկումները: Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Այսինքն, դա նույնպես ցույց է տալիս, որ մենք ըստ էության ապրում ենք բոլորովին այլ կյանքով և պետական բյուջեն մեր կենսագործունեության հետ որևէ կապ չունի»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Նրա դիտարկմամբ, նորմալ ժողովրդավարական երկրներում ամենաքննարկվող հարցը պետք է պետական բյուջեի նախագիծը լիներ, սակայն ներկայի պասիվությունը, կրկին փաստում է, որ երկրում ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական դաշտ չունենք: Ո՞վ է խանգարում երկրում քաղաքական դաշտ ձևավորել և ինչո՞ւ է ընդդիմությունը «արջի քուն» մտել հարցին, քաղաքական գործիչը պատասխանեց:

«Մի երկրում, որտեղ ընտրական օրենսգիրքը չի գործում և ցանկացած ընտրություն տապալվում է, պարզ չի՞, որ քաղաքական դաշտը կվերանա: Հիմա, ըստ էության, մնացել են ընդդիմադիր կեցվածք ունեցող մի քանի անձինք, և՝ վերջ: Եթե 91 թվականից նորմալ ընտրություն չի եղել, կուսակցությունների ֆինանսավորումն անընդհատ հարվածի տակ է եղել, որի արդյունքում որևէ իրական ընդդիմադիր կուսակցություն չի ֆինանսավորվում, այս պայմաններում ինչպես կարող է նորմալ քաղաքական դաշտ ձևավորվել: Եվ դրա բացակայությունն է նաև պատճառը, որ բյուջեի շուրջ նորմալ քննարկում չի ձևավորվում»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Խոսելով ԵՄ–ի հետ Հայաստանի համագործակցության պայմանագիր ստորագրելու հեռանկարի մասին, քաղաքական գործիչը տեսակետ հայտնեց, որ փաստաթուղթը բավականին թույլ է: Եվ այդ պայմաններում խոսել երկրին սպասվող պայծառ ապագայի մասին՝ լուրջ չի լինի: Ա.Մարտիրոսյանի համոզմամբ այն ընդամենը բարի ցանկությունների մասին փաստաթուղթ է, բայց եթե նույնիսկ եղած բովանդակությամբ էլ վավերացվի, էլի կարելի է լավ քայլ համարել:

Քաղաքական օրակարգում ընդդիմության պասիվությունը կամ ընդհանրապես բացակայությունը, Ա. Մարտիրոսյանի համոզմամբ պայմանավորված է պրոցեսի բացակայությամբ: Եվ նույնիսկ ՏԻՄ ընտրությունները ընդդիմության համար առիթ չեն կարող հանդիսանալ, քանի որ, ըստ նրա, դրանք քաղաքական ընտրություններ չեն:

«Ակնհայտ է, որ ինչ–որ թեմա պետք է լինի, որպեսզի ընդդիմությունը ակտիվանա, բայց քանի որ ընտրությունները ամբողջովին վերացրեցին քաղաքականություն հասկացությունը, այդ իսկ պատճառով էլ պրոցես չի ձևավորվում: Ինչ է, քաղաքացին չի հասկանո՞ւմ, որ իր ընտրությամբ ոչինչ էլ չի որոշվում, այն էլ ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Երկիրն էլ արդեն գնում է ոչ միայն միակուսակցականացման, այլև ֆեոդալացման, բայց պետք է հիշել, որ այսպես չի կարող երկար շարունակվել»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում