Նոյեմբերի 4-ին՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «Թուրքմենստան. Մեծ մետաքսի ճանապարհի սիրտ» գրքի շնորհանդեսը:

ԵՊՀ կայքում զետեղված լուրի համաձայն՝ միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության և ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանության համատեղ ջանքերով:

Շնորհանդեսին ներկա են եղել Հայաստանում Թուրքմենստանի դեսպանը, դեսպանատան աշխատակիցներ, ԵՊՀ ռեկտորը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և ուրիշներ:

«Մեզ մոտ արդեն բարի ավանդույթ է ձևավորվել այստեղ՝ համալսարանում, նշել հարգարժան Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գրքերի լույսընծայումը: Նախևառաջ Մետաքսի մեծ ճանապարհը քաղաքակրթության ճանապարհն է, որը մեծ դերակատարում է ունեցել ոչ միայն առևտրի զարգացման գործում, այլև ազգերի, քաղաքակրթությունների շփման մեջ»,- իր ելույթում ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մուհամետնիյազ Մաշալովը շնորհակալություն է հայտնել բոլորին գրքի շնորհանդեսին մասնակցելու հրավերն ընդունելու և ներկա գտնվելու համար. «Թուրքմենստանում ավանդույթ է ձևավորվել ամեն տարին կոչել ինչ-որ անունով. այս տարին կոչել ենք «Թուրքմենստան. Մեծ մետաքսի ճանապարհի սիրտ»: Նախագահ Բերդիմուհամեդովի՝ համապատասխան անունով գիրքն արտացոլում է մեր երկրի զարգացման ժամանակակից հայեցակարգը՝ հիմնված պատմական փորձի, բարեկամության, թուրքմեն ժողովրդի հոգևոր ժառանգության հարգման վրա»:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանն իր խոսքում նշել է. «Դժվար է առանց հուզականության խոսել նրանց մասին, ովքեր ծանոթ են Թուրքմենստանին, թուրքմենական մշակույթին, ժողովրդին: Մեզ համար շատ հոգեհարազատ են թուրքմեն դասական հեղինակների գործերը և այն ամենը, ինչը կապված է այդ երկրի մշակույթի հետ»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հիշեցրել է, որ Թուրքմենստանի նահագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ինքը և Թուրքմենստանի պետական համալսարանի ռեկտորը ստորագրել էին համագործակցության պայմանագիր: Արամ Սիմոնյանը հույս է հայտնել, որ կնքված պայմանագիրը խթան կհանդիսանա ոչ միայն Թուրքմենստանի պետական համալսարանի հետ երկկողմ շփումների համար, այլև կնպաստի թուրքմենական այլ բուհերի հետ պարբերական շփմանը: