Արցախի զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից մահացու վիրավորում ստացած 20-ամյա Հրանտ Մանգասարյանը ապրիլյան պատերազմի մասնակից էր, երեք ամսից զորացրվելու էր։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում նրա հարազատներից մեկը ցավով նշեց, որ Հրանտը՝ տան վեց երեխաներից միակ տղան էր, քույրերից մեկի զույգը․ «Ապրում էր մոր, զույգ քրոջ և փոքր քրոջ հետ։ Մեծացել է առանց հայր, ծնողները վաղուց բաժանված են։ Հրանտի ընտանիքը Սպիտակից է տեղափոխվել Երևան և վարձակալական հիմունքներում ապրում է Մասիվում»,- պատմեց նա:

Մեր զրուցակիցը մահացած զինվորին բնութագրեց որպես «աշխարհի ամենահամեստ ու անսահման բարի տղա»։

Հարազատները, սակայն, տեղյակ չեն, թե ինչ հանգամանքներում է մահացել զինծառայողը, մի քանի վարկածներ են լսել, բայց հստակ ոչինչ չգիտեն։

Հիշեցնենք՝ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Արցախի պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից,, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Սոնա Հարությունյան