Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ պահելու մեջ մեղադրվող Արգամ Հովիկյանի առողջական վիճակը կայուն է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքից: 

«Վնասվածքները վերացվել է Արմավիրի հիվանդանոցում: Այժմ հետվիրահատական շրջանում է, համապատասխան կրած վիրահատություններին և ժամկետներին»,- ասացին հիվանդանոցից:

Զրուցեցինք նաև մեղադրյալի պաշտպան Արսեն Սարգսյանի հետ, ով նշեց, որ ինքնավնասումից հետո տեղափոխվել է հիվանդանոց և դեռևս ցուցմունք չի տվել:

«Որոշել էր ցուցմունք չտալ, սակայն ես զրուցեցի իր հետ և համոզվեց, որ այնուամենայինիվ պետք է ցուցմունք տալ»,- ասաց պաշտպանը: 

Պաշտպանը նշեց, որ փորձաքննություններ են նշանակված, և արդյուքները լինելու դեպքում կպարզվի՝ արդյոք Արգամ Հովիկյանը ոգելիչ խմիչք կամ թմրանյութ օգտագործել է, թե ոչ. «Փորձաքննություններից մեկի պատասխանը եկել է, ըստ որի, մանկապարտեզի վարիչը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ: Արյան նմուշն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, երբ պատասխանը գա պարզ կլինի: Ըստ իր հայտարարության թմրամիջոց երբևէ չի օգտագործել, խմիչք էլ սովորականի պես, երբեմն օգտագործել է, սակայն հարբեցող չէ: Ինչ վերաբերում է դեպքի օրվան՝ արդյոք որևէ ազդեցության տակ եղել է, թե ոչ կպարզվի արդյուքներից»,- ասաց նա:

Հավելենք, որ ըստ մամուլի հրապարակումների պատանդառության միջադեպից հետո փոքրիկ երեխան չի կարողանում խոսել: Դեպքից միայն յոթ օր անց սկսել է գործել մանկապարտեզը, սակայն պատանդ վերցված 3-ամյա Հմայակ Համազասպյանն այլևս այդ մանկապարտեզը չի հաճախում: Ավելին՝ հոգեբանները աշխատում են փոքրիկի հետ՝ փորձելով հոգեբանական այդ տրավման բուժել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 30-ին Արգամ Հովիկյանը դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ և դանակի սպառնալիքով մանկապարտեզում պատանդ է պահել 3-ամյա երեխայի՝ պահանջելով հանդիպում իր նախկին կնոջ հետ: 

Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում, հաջողվել է երեխային հանել մանկապարտեզից:

Երեխան և պատանդառուն տեղափոխվել էին Արմավիր բժշկական կնետրոն, որտեղ վերջինս երկու վիրահատության է ենթարկվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել տղամարդուն մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Նկատենք, որ Արգամ Հովիկյանի մեղադրանքը ծանրացվել է: Վերջինս մեղադրվում է նաև 2 և ավելի անձանց սպանության փորձ կատարելու մեջ: 

Սոնա Հարությունյան