Պետական ապարատում 26 տարվա աշխատանքային հարուստ կենսագրություն ունեցող Գագիկ Մարտիրոսյանն, ով 2016 թվականից նշանակվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական, հայտարարագրել է իր ունեցվածքն ու եկամուտները:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 2016թ. պաշտոնի ստանձման օրվա դրությամբ պաշտոնյայի ներկայացրած հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ Գագիկ Մարտիրոսյանի ներկայացրած հայտարարագիրը նույնքան հարուստ է, որքան աշխատանքային կենսագրությունը:
Թե ինչպե՞ս է ստացվել, որ ողջ կյանքը պետական ապարատին նվիրած չինովնիկը կարողացել է հսկայական կարողություններ վաստակել, չենք քննում, իսկ թե քանի միլիոն է հայտարարագրել՝ ներկայացնում ենք ստորև.
Եվ այսպես, Գագիկ Մարտիրոսյանը շարժական գույք չի հայտարարագրել, փոխարենը հայտարարագրում նշել է հողամասի վրա կառուցված 2 անհատական բնակելի տուն՝ իր ենթակառուցվածքներով:
Վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնելու դրությամբ նրա ներդրումները կազմել են 175,00,00 ՀՀ դրամ: Նրա դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ (24-09-2016) կազմել են 17,500,000 ռուսական ռուբլի, աշխատանքի վարձատրությունը՝ 2 մլն 210 հազար ռուսական ռուբլի, իսկ կենսաթոշակը՝ 63 հազար ռուբլի:
Գագիկ Մարտիրոսյանը նշել է, որ հանձնած փոխառություններ չունի:
Հետաքրքրական է, որ 2017 թվականի հունվարի 31-ին ներկայացրած հայտարարագրում Գագիկ Մարտիրոսյանը չի հայտարարագրել ոչ շարժական, և ոչ էլ անշարժ գույք:
Պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են 17.5 մլն ռուսական ռուբլի, աշխատանքի վարձատրությունը կազմել է 2,711,232 ՀՀ դրամ և 2 մլն 210 հազար ռուսական ռուբի, կենեսաթոշակի չափը կազմել է 84 հազար ռուսական ռուբլի: