Armtimes.com-ի հարցին, թե մարդիկ շարունակում են անվերադարձ լքել Հայաստանը սոցիալական վատ վիճակով պայմանավորված, ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը պատասխանել է. «Համամիտ չեմ, որ արտագաղթը պետք է կապենք տնտեսական վատ վիճակի հետ: Հիմա դրսում հնարավոր է մեծ եկամուտ ստեղծել, ավելի բարեկեցիկ, ավելի լավ ապրել, դրա համար էլ մարդիկ գնում են»,- եզրափակեց նա:
 
Կարեն Ավագյանի համար դժվար թե Ամերիկա բացահայտած լինենք, եթե փաստենք՝ աղքատության եզրին հասած մարդիկ պարզապես լքում են երկիրը` նոր կյանք սկսելու ակնկալիքով հեռանալով Ռուսաստան, Եվրոպա կամ ԱՄՆ: Իսկ մարդիկ աղքատ են, որովհետև աղքատ է պետությունը, որովհետև պետությունը չունի բարգավաճելու և սեփական քաղաքացիներին օժանդակելու ռեսուրսներ: Այս իրավիճակը բնավ էլ մշակութային խնդիր չէ, սա տնտեսական հիմնահարց է՝ ամբողջությամբ խարսխված տնտեսության ներկայիս վիճակի վրա: Որքան բարձր է տնտեսական աճի ցուցանիշը, այնքան փոքր է արտագաղթած քաղաքացիների թիվը: Եվ հակառակը՝ եթե տնտեսական աճի ցուցանիշը նվազում է, արտագաղթի ցուցանիշն աճում է: Իշխանություններն էլ, իհարկե, լիովին քաջատեղյակ են ներկայում կրկին գլուխ բարձրացրած միգրացիայի փաստացի ահագնացող չափերից: Երեւի հենց սա՞ է իրենց ուզածը: Սրա՞ն են ձգտում ամբողջ էությամբ: Բայց նրբանկատությունից ելնելով, եւ որպեսզի վիրավորած չլինեն, չեն կարողանում ուղիղ ասել, որովհետեւ լսել են, որ «ուղիղ խոսքը էշին են ասում»: Երեւի խնայում են: Չգիտեմ: Միայն մի բանում վստահ եմ, որ գիտակցված, թե չցանկանալով (հասցված անուղղելի վնասի տեսակետից՝ նշանակություն չունի)՝ նրանք ազգին մղում են արտագաղթի: Սրանում կասկած չկա: Հայաստանի զարգացման բանալին հենց տրանսֆերտների, տնտեսական աճի եւ արտագաղթի այսպիսի ուղղակի կապը կտրելու մեջ է: Դրա համար պետք է ընդամենը ապահովել տնտեսության որակական փոփոխություն: Դա էլ իր հերթին նշանակում է տնտեսության կառավարման արմատական բարեփոխումներ՝ ապամոնոպոլիզացում, բիզնեսի ու քաղաքականության տարանջատում, կոռուպցիայի մակարդակի նվազեցում, դատական իշխանության արդյունավետության բարձրացում: Ընդամենը: Այս ամենին հասնելու փոխարեն, իշխանությունները ջայլամի քաղաքականություն են որդեգրել՝ տնտեսությունը աճ է արձանագրում, բայց դե մեր քաղաքացիները մեկ է՝ դժգոհ են, ցանկանում են էլ ավելի լավ ապրել, և քոչվորի հոգեբանությամբ՝ լքում են երկիրը:
 
Բոլորը մեղավոր են, բացի իշխանություններից: Ի՞նչը կարող է ստիպել մարդուն՝ հեռանալ իր բնականոն կենսակերպից, շրջապատից, լքել իր քաղաքը, որտեղ ծնվել ու մեծացել է, եւ մեկնել օտար երկիր: Սովորաբար, այդպիսի որոշումը հանկարծակի չի ծնվում, մարդու մոտ այդ քայլը երկար է հասունանում: Մենք ունենք բազմաթիվ զգացումներ, բայց դրանցից միայն մեկն ունի ժամանակի ընթացքում կուտակվելու եւ նույնիսկ ամենապասիվ մարդկանց գործողությունների դրդելու հատկություն: Դա տագնապի զգացումն է: Մարդիկ մեկնում են ոչ թե ինչ-որ բանի հետեւից, այլ` հեռանում են ինչ-որ բանից: Մեր ժողովուրդը չունի վերնախավ, չունի «ազգի հայրեր»` մարդիկ, որոնց վստահում են, որոնց հետեւից պատրաստ են գնալ: Նրանք, ում հետեւից ժողովուրդը գնացել է, բազմիցս հուսախաբ են արել նրան: Դա նույնպես խռովություն է առաջացնում հոգիներում: Ի՞նչը կարող է ավելի վատ լինել, քան փոքր երկրի աննպատակ գոյատեւումը մեծ եւ բարդ աշխարհում` շրջապատված թշնամիներով: Ի՞նչը կարող է ավելի վատ լինել, քան կյանքն առանց հույսի: Հենց դա է հայերի զանգվածային արտագաղթի հիմնական պատճառը: Հայերը վաղուց ի վեր սովոր են ապրել օտար երկրներներում: Ավելին, նրանք պետք է սովորեն ապրել իրենց սեփական երկրում: Ինչպես պարզվել է՝ դա այնքան էլ հեշտ չէ: Հատկապես, երբ հույս չկա:
 
 
Ստելլա Խաչատրյան