Զինվորական կենտրոնական դատախազության հաղորդմամբ՝ պարզվել է, որ Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական և ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը և բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձին այդ նույն զորամասում հատկացրել են համապատասխան աշխատասենյակ և ներգրավել զինվորական հոսպիտալ դիմած անձանց անմիջական բժշկական օգնություն տրամադրելու գործընթացում: Վերջինս էլ զորամասի կնախտաբանական բաժանմունքում բազմիցս կատարել է ապօրինի աբորտ (հղիության արհեստական ընդհատում):
 
Այս տարվա հուլիս ամսին ՀՀ Պաշտպանության Նախարար Վիգեն Սարգսյանն այցելել էր Կենտրոնական զինվորական հոսպիտալ, շրջայց կատարել, բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ էլ ներկայացրել հոսպիտալի նորանշանակ պետ, փոխգնդապետ Դանիել Մկրտչյանին։ Թվում է` նախկին թերացումները հաշվի առնելով և դրանք ուղղելու նպատակով էլ հոսպիտալում ղեկավար կազմի փոփոխություն տեղի ունեցավ, սակայն այն, ինչ բացահայտվեց՝ ամբողջությամբ արտացոլում է Վիգեն Սարգսյանի՝ ՊՆ համակարգային խնդիրներին տիրապետելու աստիճանը:
 
 
Մինչ ՊՆ ղեկավարը օրենսդրական նախաձեռնություններ է առաջ քաշում և հանդես գալիս քաղաքական թոփ թեմաների հերոսի դերում, նրա ղեկավարած կառույցի «քթի» տակ, օրը ցերեկով խախտվում է ՀՀ ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի օրենք: Գուցե ճիշտ կլիներ հեղափոխական բարեփոխումները սկսել ստորին օղակներից, որտեղ շատ հաճախ նոր իրավախախտումներ են արձանագրվում՝ սկսած գնումների գործընթացից, զինկոմիսարիատներում արձանգրվող կոռուպցիոն դեպքերից, ավարտած՝ կենտրոնական զինվորական հոսպիտալում մարդկանց առողջության և կյանքի գնով ձեռքերը տաքացնողների ապօրինություններով: Ազգ-բանակը մնալու է ընդամենը թեզ, եթե չլուծվեն համակարգային խնդիրները, որոնց նախարարը կարծես թե չի տիրապետում: Քանի՞ երեխա լույս աշխարհ չի եկել՝ այստեղ տիրող ամենաթողության և վերահսկողության բացակայության պատճառով:
Այդ մասին Վիգեն Սարգսյանը մտածելու ժամանակ կգտնի՞…
 
 
Ստելլա Խաչատրյան