Նոր Սահմանադրությամբ՝ Հայաստանը խորհրդարանական երկիր է։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն 2018 թ. ապրիլից մեր երկրում կարևորագույն որոշումները, երկրի հետագա ընթացքը, քաղաքականությունը, ռազմավարությունը և ուղղությունները վերապահված են լինելու իշխանության բարձրագույն մարմնին՝ խորհրդարանին։ Այսինքն՝ խորհրդարանականներն են արդեն որոշելու ոչ միայն օրենքները, այլև բոլոր կանոններն ու կարգերը, մեր ու մեր երկրի ճակատագիրը։ Այս առումով արժե հիմիկվանից փորձել պատկերացնել, թե մեզ ի՞նչ կառավարում ու կառավարիչներ են «սպառնում» առաջիկա տարիների համար:
Հասկանանք, թե ով ինչո՞վ է զբաղված ԱԺ-ում՝ մի կողմ թողնելով պատգամավորների ամենասիրելի զբաղմունքներից մեկը՝ սեփական բիզնեսը։
ԱԺ-ում պատգամավորների մյուս ամենասիրելի զբաղմունքը (իհարկե՝ լեզվակռվից հետո), քվեարկելն է: ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման 2-րդ նստաշրջանում ամենաշատ «կողմ» քվեարկած պատգամավորները ԱԺ ՀՀԿ խմբակցությունից են:
Ըստ Parliamentmonitoring.am-ի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավորներ Ավետ Սարգսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գրիգոր Ավալյանը, Սամվել Նիկոյանը եւ Գագիկ Մելիքյանը «կողմ» են քվեարկել ռեկորդային՝134 անգամ:
Նման միասնականությանը և գաղափարական միատարրությանը կնախանձեր անգամ Հյուսիսային Կորեան, և այն երկրները, որոնք սովոր էլ չեն թաքցնել իրենց տոտալիտար նկրտումները:
Բայց այլ բան է Հայաստանը, չէ՞ որ մենք համարվում ենք զարգացած, քաղաքական մշակույթ ունեցող ժողովրդավարական երկիր:
Այս հարցում, ինչպես կասեր նախագահ Սերժ Սարգսյանը, գոնե թղթով մեզ մոտ ամեն բան կարգին է: Սակայն պատկերը, որին ականատես ենք լինում խորհրդարանում, խոսում է հակառակ իրականության մասին: ՀՀԿ-ում կա կարծիք ունենալու մենաշնորհ, և մնացած բոլորի անձնական կարծիքները ենթակա են մեկ գերակա կարծիքի։ ՀՀ ԱԺ-ն վաղուց ի վեր վերածվել է կոճակ սեղմողների հավաքատեղիի, որտեղ ամենաակտիվն, իհարկե, իշխող մեծամասնության ներկայացուցիչներն են:
Պատգամավորներ, ովքեր քվեարկում են առանց ծանոթանալու նիստի օրակարգին, առանց փոքր ինչ խորանալու քննարկվող օրինագծի նրբությունների մեջ, քվեարկում են և իրենց փոխարեն և բացակա (որպես կանոն ոչ հարգելի պատճառներով) կուսակից ընկերների փոխարեն: Քվեարկում են, իհարկե, միայն կողմ՝ կուսակցական բոսսերի տված պետպատվերի շրջանակներում:
Հենց այսպիսի քաղաքական բազմակարծությամբ էլ անցում ենք կատարում խորհրդարանական կառավարման մոդելին, որը մեր պարագայում էլ ավելի կհեշտացնի կոճակ սեղմելու պրոցեսը, և էլ ավելի կխորացնի քաղաքացիների հիասթափությունը «հայկական ժողովրդավարություն» կոչվածից: Ինչպես կարող է ՀՀԿ-ն Հայաստանը տանել ժողովրդավարական ուղղով, եթե անգամ ներկուսակցական ժողովրդավարությունը հանրապետականների համար չտեսնված ճոխություն է…
Ստելլա Խաչատրյան