«Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշում է, որ Վրաստանում գնալով ավելի է հզորանում թուրք-ադրբեջանական գործոնն, ինչն, իհարկե, լրացուցիչ դժվարություններ է ստեղծում ջավախահայության համար. «Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանում 2 մլրդ դոլարից ավելի ներդրում են իրականացրել և Վրաստանի տարածքում վարում են փափուկ ուժի քաղաքականություն: Թուրք-ադրբեջանական սերտ համագործակցությունն ամենուր է՝ սկսած մահմեդական դպրոցներից՝ մինչև սրճարաններ, իսկ եթե սրան ավելացնենք նաև Բաքու-Ջեյրան նավթամուղը, Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը, ստացվում է, որ Վրաստանն ակնհայտ մեծ կախվածության մեջ է հայտնվել Թուրքիայից և Ադրբեջանից»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ Թուրքիան շարունակում է իրագործել «Մեծ Թուրան» նախագիծը, որից երբեք էլ չի հրաժարվել:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ հայերով բնակեցված Ջավախքը կանգնած է հերթական լուրջ խնդրի առաջ, քանի որ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքներին մասնակցելու են մեծ թվով թուրքեր և ադրբեջանցիներ, ովքեր, երբ հայտնվում են, իրենց հետ հայտնվում են նաև բնակավայրեր, իսկ ստեղծված իրավիճակում հայերը կթողնեն Ջավախքը, քանի որ հայերն ու թուրքերը չեն կարող իրար հետ ապրել նույն տարածքում.«Ջավախահայությունը ստեղծված պարագայում արտագաղթելու է և հիմնականում արտգաղթում են Ռուսաստան: Նշեմ, նաև, որ Վրաստանի հայաբնակ գյուղերը պարզապես դատարկվում են սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով»:

Անդրադառնալով Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից Ջավախքի առաջնորդական փոխանորդ Վազգեն Սրբազանին աշխատանքից ազատելու որոշմանն, Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ Սրբազանի այս որոշումը ևս մեկ խնդիր է առաջացրել ջավախահայեի համար, ովքեր պայքարում են Ջավախքում հոգևոր կյանքի զարգացման համար. «Ջավախահայերի նպատակն է, որ Ջավախքն ունենա առանձին թեմ, և այս հարցում սպասում ենք Հայ Առաքելական եկեղեցու որոշմանը»,-ասաց Արտյուշ Գրիգորյանը։

Հարցին՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ են ակնկալում ջավախահայերը Վրաստանի նորանշանակ դեսպանից և հայկական պետությունից առհասարակ, Գրիգորյանը պատասխանեց. «Ակնկալիքը մեկն է. որ Հայաստանը հայաստանցի և սփյուռքի մեր գործարարներին կարողանա ուղղորդել նաև Ջավախք, որ նրանք այնտեղ ևս ներդրումներ անեն՝ սկիզբ դնելով հայ-վրացական խորացված ռազմա-քաղաքական և տնտեսական համագործակցության, ինչն էլ կչեզոքացնի թուրք-ադրբեջանական ազդեցությունը: Իսկ նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանից ակնկալում ենք հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի»:

Աղավնի Սուքիասյան