Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: ԼՈւՐԵՐ.com-ը Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս օրենքի կիրարկումը պատճառ չի դառնա, որ զինվորական ծառայությունից խուսափողները փորձեն թաքնվել այս կամ այն կրոնական կազմակերպություններում՝ օգտվելով նրանց համար սահմանված այընտրանքային ծառայությունից. «Որքան էլ խուսափեն ծառայությունից, միևնույնն է, մեր տղաները չեն ընտրի այլընտրանքային ծառայությունը, քանի որ նրանց համար դա նսեմացնող է՝ նրանք չեն գնա բանակ՝ ավել անելու կամ հատակ մաքրելու համար: Այս առումով՝ վստահ եմ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը չի դառնա այլընտրանքային ծառայությունն ընտրելու պատճառ»,-ասաց Ամարյանը:
Վերջինիս խոսքով՝ թեև պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար պարտադիր չէ կրոնական այս կամ այն կառույցին անդամակցելը, սակայն, վստահ է՝ այլընտրանքային ծառայությունն ընտրողների քանակը չի ավալանա, փոխարենը՝ չի բացառվում, որ շուտով ունենանք զինծառայությունն ընտրող աղջիկների քանակի աճ:
Դիտարկմանն՝ այս պարագայում արդյո՞ք ժամանակը չէ հրաժարվել այլընտրանքային ծառայությունից և գիտությամբ զբաղվել ցանկացողների, աղջիկների հետ մեկտեղ բանակում ծառայելու, առաջնագծը պահելու տանել նաև այլընտրանքայինն ընտրողներին, Ամալյանը պատասխանեց. «Դա արդեն Ազգային ժողովի անելիքն է: Կարծում եմ՝ պետությանն այլընտրանքային ծառայությունից չի հրաժարվի, քանի որ դա ձեռնտու չէ: Այլընտրանքային ծառայությամբ պետությունը փողեր է խնայում և, միանշանակ, դրան չի գնա»:
Հիշեցնենք, որ այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ ու իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում:
Աղավնի Սուքիասյան