Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վիճակի մասին, ինչպես հայտնի է,տարիներ ի վեր բարձրաձայնվում է,հատկապես խոսվում է այս ոլորտում այն անբնական թերություններից ու պրոբլեմներից, որոնք բնագավառն ուղղակի անտանելի են դարձրել: Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեզ մոտ ավիատոմսերի գները կրնակի և կամ եռակի թանկ արժեն, քան ԱՊՀ երկրներում է, քան եվրոպական մի շարք երկրներում: Իրավիճակը հատկապես ողբալի է չարթերային չվերթների պարագայում, երբ ասենք Երևան-Աթենք-Բրյուսել տոմսն արժե 450 դոլար, իսկ օրինակ Երևան-Մոսկվա-Վառնա չվերթի գինն էլ հասնում է 700 եվրոյի այն պարագայում, երբ նույն Վրաստանում նմանօրինակ չարթերային չվերթների գները հաճախ չեն գերազանցում 200-300 դոլարը:
ԱԺ-ում նոյեմբերի 15-ին բավական թեժ քննարկում էր ծավալվել ավիացիայի բնագավառում առկա թերությունների շուրջ, իսկ պատգամավորների հարցերի պատասխանողի դերում էլ հանդես էր գալիս Վաչե Գաբրիելյանն, ում պատասխաններից ստեղծվում էր այնպիսի տպավորութուն, թե Հայաստանում առկա վիճակն աշխարհում ամենակատարյալներից է, իսկ գնաճ առաջ բերող այնպիսի իրական գործոններ, ինչպիսք են ասենք սահմանված օդի հարկը, ավիավառելիքի գներն ու «Զվարթնոց» օդանավակայանում գործող բավական բարձր սպասարկման գները, ոչ մի էական դեր չունեն գնագոյացման հարցում: Իհարկե, սրան միակ գործոնները չեն, որոնք ընկած են թանկության հիմքում ու պակաս կարևոր դեր չի խաղում նաև մրցակցության փաստացի բացակայությունը, սակայն ակնհայտ էր, ոչ այս երեք գործոնների վերացումը ցանկության դեպքում մեծ դժվարություն չի կարող առաջ բերել:
Ի դեպ` նկատենք, որ մրցակցային մթնոլորտի առումով նույն հարևան Վրաստանում շատ ավելի բարենպաստ իրավիճակ է, քան այստեղ. չնայած Թուրքիան համարվում է Վրաստանի համապատասխան ոլորտում բավական ամուր դիրքեր ունեցող երկիր, սակայն թուրքական ընկերությունների բաժինը շուկայում կազմում է միայն 20%, և սա այն դեպքում, երբ Հայաստանում ռուսական ընկերությունները տիրապետում են այստեղից կատարվող չվերթների 53%-ին. սա, ըստ էության բաց երկնքի քաղաքականության դառն արդյունքն է, որի պատճառով ռուսական ընկերությունները շուկայից դուրս մղեցին թե՛ տեղական, թե՛ եվրոպական ավիափոխադրող ընկերություններին` յուրացնելով դաշտը: Այսինքն` Կառավարության չարդարացված քաղաքականության արդյունքում ստեղծվեց հակամրցակցային մի մթնոլորտ, որն էլ հենց ընկած է այս տխուր պատկերի հիմքում. ոլորտն ուղղակի մոնոպոլիզացված է:
Այնպես որ` Վաչե Գաբրիելյանի ջանքերը` ոլորտում ստեղծված իրավիճակը խիստ դրական լույսի ներքո մատուցելու, պետք է համարել ընդամենը մի անհույս փորձ` քողարկելու այն անտանելի իրավիճակը, որ կա այսօր ավիացիայի ոլորտում. շուկան ներսից փակել են` գրեթե լիովին հանձնելով այն օտար ավիաընկերություններին: Կա՞, արդյոք, սրան արդարացում, դե իհարկե ոչ: Բայց մի րոպե, իսկ միգուցե հենց այսպե՞ս է Վաչե Գաբրիելյանը փորձում կանխել աղետ դարձած արտագաղթը, ով գիտե:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ