ՀՀ կառավարությունը «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով կհետաձգվի:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 10,7 մլրդ դրամի չափով ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: «Ծրագրի շրջանակում կստեղծվի 20 նոր աշխատատեղ»,- ասաց Կարայանը:
«Երևանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը գործարկվել և առևտրային շահագործմանն է հանձնվել 2010 թ.։ Էներգաբլոկը 2010թ. մինչ այժմ աշխատում է շարունակական բեռի բազիսի ռեժիմում և կանգնեցվում է տարեկան մեկ անգամ արտադրողների կողմից սահմանված տարեկան ընթացիկ նորոգումների նպատակով՝ A և B ինսպեկցիաներ և C կապիտալ նորոգում՝ 4 տարին մեկ:
Ըստ նախագծի հիմնավորման, ներդրումային ծրագրի շրջանակում ընկերության նպատակն է համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը վերազինել, որի արդյունքում կբարելավվեն հետևյալ ցուցանիշները. ա) 220 ՄՎտ-ից այն կդառնա 227 ՄՎտ, որը կկրճատի վառելիքի տեսակարար ծախսերը՝ 258,1 գր/կվտժ-ից 252,8 գր/կվտժ, բ) էներգաբլոկի ՕԳԳ-ի բարձրացում 1%-ով, որը կհանգեցնի վառելիքի տեսակարար ծախսերի կրճատմանը, գ) C ինսպեկցիաների ժամկետի երկարաձգում՝ 4 տարին դարձնելով 6 տարի, ինչը կնպաստի էներգաբլոկի շարունակական աշխատանքի ժամանակահատվածի ավելացման, որի արդյունքում կավելանա ներքին ցանց օգտակար առաքումը 59,5 մլն. կՎտ. Ժ-ով, համապատասխանաբար գործող սակագնի պայմաններում 1103,7 մլն դրամ և արտահանումը Իրան-Հայաստան պայմանագրի շրջանակում։