Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործելաոճի հետ կապված խոսակցությունները չեն դադարում։ Այժմ էլ նշվում է, որ մեծ թափով վաճառում է համայնքի սեփականություն հանդիսադող հողատարածքները: Այս մասին պարզաբանումներ ստանալու համար ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։
Վերջինս նշեց, որ հողատարածքներ օտարելը կամ աճուրդի դնելը մտնում է ավագանու լիազորությունների մեջ․ «Հողի օտարումները, մարդկանց ավտոտնակները, տների զբաղեցրած հողատարածքները սովորական աճուրդներ են, որոնց վերաբերյալ ավագանու նիստերի ժամանակ որոշում է կայացվել։ Դրանք մեր սովորական գործառույթներն են»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ավագանու նիստի որոշումները մշտապես լինում են քաղաքապետարանի կայքում։
Նշենք, որ Վանաձորի քաղաքապետարանը օրերս հրապարակել է համայնքի սեփականությունը հանդիսացող մի քանի հողակտորները վաճառելու մասին հայտարարություն: Հողակտորներից մեկը 1 հազար 868,9 մետր քառակուսի է, և քաղաքապետարանը նախատեսում է վաճառել հինգ առանձին մասերով՝ հասարական սպասարկման օբյեկտներ կամ ավտոտնակներ կառուցելու նպատակով: Մյուս հողակտորը 21 քառակուսի մետր է, և ցանկանում են վաճառել մեկ մասով, իսկ մեկ այլ՝ 76 քառակուսի մետր մակերեսով տարածքը նախատեսում են երեք մասով վաճառել:
«Ես չգիտեմ՝ որ հողատարածքների մասին է խոսքը։ Բնականաբար, եթե մարդը դատարկ հող է առնում, վրան մի բան պիտի կառուցի, դա իմ ի՞նչ գործն է։ Երբ կբերեն շինարարության թույլտվություններն, այն ժամանակ կերևա՝ ով ի՞նչ է կառուցում»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ քաղաքապետի անունն առաջին անգամ չէ, որ հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, իսկ Սահմանադրական դատարանի՝ նոյեմբերի 10-ի վճիռն էլ էլ ավելի մեծացրեց այդ ուշադրությունը, Մամիկոն Ասլանյանը նկատեց․ «Սահմանադրական դատարանը ֆիքսել է, որ ՏԻՄ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ կետը հակասություն ունի սահմանադրության հետ։ Ավագանու ընդունած որոշումները գործող օրենքի սահմանում են։ Մենք գործել ենք տվյալ պահին գործող օրենքով և մեր գործողություննրում հակաիրավական որևէ բան չի հայտնաբերվել»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարություն էր տարածել՝ մեկ տարի առաջ Վանաձորի քաղաքապետի ընտրությունները որակելով հանցագործություն ու մանդատագողություն:
Նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի Սահմանադրական դատարանը քննեց «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը, որով առաջարկվում է Վանաձորի ավագանու հրավիրած նիստերն անվավեր համարել, քանի որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը փոքրամասնությամբ նիստեր է անցկացրել՝ չպահպանելով օրենքի տառը:
ՍԴ վճռում նշեց, որ ելնելով գործի քննությունից, ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչումայն նորմը, որի հիման վրա էլ Վանաձորում ավագանին նիստեր է գումարել: Հետևաբար, ՍԴ հակասահմանադրական ճանաչեց նաև այն որոշումները, որոնք ընդունվել են այդ նիստերի ընթացքում:
Սոնա Հարությունյան