Ազգային ժողովում Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված հատուկ նիստի շրջանակում Երեւանի Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սամվել Խաչիկյանը խոսեց նախադպրոցական կրթական հաստատությունների կարեւորության մասին: Նա, մասնավորապես, նշեց, որ հայաստանյան բոլոր գյուղերում եւ քաղաքներում պետք է ստեղծվեն բարձրակարգ նախադպրոցական կրթական հաստատություններ, որոնք կապահովվեն որակյալ մասնագետներով:
«Նաեւ պետք է ապահովվի ծնողների պատշաճ իրազեկվածությունը մանկապարտեզների կարեւոր նշանակության մասին, պետք է այնպես անել, որ այդ հաստատությունները հասանելի լինեն բոլորին, եւ որ օրենքով ամրագրվի կոնկրետ տարիքային խմբի երեխաների՝ պարտադիր կերպով մանկապարտեզ հաճախելու մասին հարցը, ինչն ինքնին խթան կհանդիսանա, որ այն վայրերում, որտեղ դրանք չկան, ստեղծվեն նորերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց աշակերտը:
Նա նշեց, որ ըստ տարբեր գիտական տվյալների՝ նախադպրոցական կրթություն ստացածները տարբերվում են նրանցից, ովքեր չեն ստացել, քանի որ նրանք ունեն շատ ավելի զարգացած միտք, ավելի պատրաստ են նոր գիտելիքներին:
«Զրկել երեխային նախադպրոցական կրթությունից՝ նշանակում է զրկել նրան ամբողջ կյանքի համար լավ հմտություններ ստանալու հնարավորությունից»,- ասաց Սամվելը:
Նա հստակեցրեց, որ Երեւանում կան անվճար մանկապարտեզներ, սակայն նույնիսկ մեծ ցանկության դեպքում շատ ծնողներ չեն կարող ուղարկել երեխաներին մանկապարտեզ, որովհետեւ այլեւս տեղեր չկան:
«Իսկ գյուղերում էլ հակառակ պատկերն է. կա՛մ դրանք բացակայում են, կա՛մ էլ վճարովի են»,-ասաց դպրոցի սանը:
Էջմիածնի Մովսես Խորենացու անվան թիվ 10 ավագ դպրոցի աշակերտ Ռուբեն Օհանյանն էլ իր հերթին անդրադարձավ երեխաների իրավունքների պաշտպանությանը եւ բռնության դեպքերին։
«Ես քառասուն տարվա մանկավարժ չեմ, բայց մի պարզ ճշմարտություն գիտեմ՝ մենք՝ երեխաներս, առանց ծեծի էլ շատ բան հասկանում ենք։ Նրանք, ովքեր կարծում են, թե ծեծն արդյունավետ միջոց է, սխալվում են. դա, պարզապես, ինքնախաբեություն է»,-ասաց նա:
Ռուբենը նշեց, որ կարդացել է մի հետազոտություն, ըստ որի՝ բռնության ենթարկված մի տղա դարձել է ինքնամփոփ եւ անտարբեր իր ապագայի նկատմամբ: Նա ընդգծեց, որ, փաստորեն, տղայի «հոգու թևերը կտրել» են, եւ հորդորեց անտարբեր չլինել երեխաների իրավունքների նկատմամբ։
«Եթե ուզում եք, որ երեխան կարողանա ինքնուրույն որոշում կայացնել, չպետք է ծեծեք, ծեծով դաստիարակելը հակառակ արդյունքի կարող է բերել: Ի՞նչ է նշանակում, թե ծնողը կարող է դաստիարակչական ապտակ տալ: Հարգելի մեծեր, հասկացեք՝ բռնությամբ ոչնչի չեք կարող հասնել»,-եզրափակեց աշակերտը:
Աշխարհում նոյեմբերի 20-ին նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Այդ կապակցությամբ Ազգային ժողովում անցկացվեց հատուկ նիստ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի, ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովների եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ: Նիստին ներկա էին ԱԺ մի շարք պատգամավորներ, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ինչպես նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: