ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ֆիզիկական անձի կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու եւ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպքի առթիվ:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչությունում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ֆիզիկական անձ Գ. Հ.-ն 2014-2017թթ. ընթացքում իր եւ եւս երկու այլ անձանց անվամբ Հայաստանի Հանրապետություն է ներմուծել ընդհանուր 34 758 100 ՀՀ դրամ մաքսային արժեքով բջջային հեռախոսներ, դյուրակիր համակարգիչներ եւ պլանշետներ, որոնք առանց պետական գրանցման եւ օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններում հաշվառվելու, շահույթ ստանալու նպատակով, վաճառել է՝ իրականացնելով ապօրինի ձեռնարկատիրություն:
Նախնական հաշվարկով նշված ամբողջ խմբաքանակն իրացնելու եւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
Հաշվի առնելով, որ ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ առերեւույթ առկա են պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով զուգորդված ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը։