Մամուլից տեղեկանում ենք, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի, «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, պաշտոնատար անձ Ա. Մաթևոսյանը շահադիտական նպատակով կատարել է պաշտոնական կեղծիք 140լ.  դիզվառելիք յուրացնելու նպատակով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ապրանքագրում դիտավորությամբ մտցրել է ակնհայտ կեղծ գրառումներ, ապա օգտագործելով իր պաշտոնական դիրքը, կատարել է յուրացման փորձ: Այսպիսով, ՊՆ-ում չարաշահումների և յուրացումների շղթան շարունակվում է: Ընդ որում, ապրիլյան քառօրյայից հետո ակնհայտ դարձավ, որ ՊՆ-ում կոռուպցիոն ռիսկեր պարունակող թիվ մեկ ոլորտը վերաբերվում է հենց դիզվառելիքի մատակարարմանը և իրացմանը:  

Վերջին երկու տարիներին միօրինակ ձեռագիր է նկատվում ՊՆ նյութական միջոցների փոշիացման առնչությամբ: «Վերևից» ինչ-որ մարդիկ հանգիստ թողնում են, որ մի քանի տարի զորամասերի պատասխանատուներն անարգել յուրացնեն պետական միջոցները, վերահսկմանն ուղղված արդյունավետ ստուգումներն չեն իրականացնում, և երբ նյութական միջոցները վերևից ներքև կերած - վերջացրած են լինում, ՊՆ-ի բյուջեում էլ միլիոնների ճեղքեր են բացվում և հրապարակայնացվում, ինչ որ զորամասի ինչ որ թույլ օղակի են պատասխանատվության ենթարկում, ապա դատում, շատերի յուրացրածն  էլ նրանից բռնագանձում: Ու ամեն ինչ սկսվում է նորից: Ասել է, թե՝ գեներալներն ու բարձրաստիճանները կարող են անպատիժ թալանել մեր բանակի բյուջեն, իսկ զինվորներն ու ոչ այդքան բարձաստիճան սպաները պարտավոր են անտրտունջ ծառայել հայրենիքին;

2018-ի բյուջեով նախատեսված ծախսերի առյուծի բաժինը հասնելու է հենց Պաշտպանության նախարարությանը: Վիգեն Սարգսյանը չի թաքցնում, որ բյուջեից բանակին հատկացվող միջոցները բավարար չեն բանակի առջև դրված խնդիրները լուծելու համար: Իհարկե, նախարարը չի ընդունի այն փաստը, որ ի վիճակի չէ վերջ դնել բանակում առկա միջոցների յուրացման և չարաշահման դեպքերին, և նրան նոր միջոցներ են պետք խնդիրները լուծելու համար, բայց այս դեպքում էլ ոչ մի երաշխիք չկա, որ հավելյալ հավաքված միջոցներները ևս չեն յուրացվի և փոշիացվի՝ չծառայելով հռչակված նպատակներին:

Արդյոք ՊՆ-ում հիշո՞ւմ են Գերագույն գլխավոր հրամանատարի հայտնի արտահայտությունը, թե «գլխից է պետք բռնել», թե ամեն դեպքում մոռացել են և միամտությամբ «պոչից» են բռնում: 

Ստելլա Խաչատրյան