Երեկ հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր Գրուպ»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանը ընտրվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ: Ավելի վաղ, Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում, ինչպես նաև ակումբի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր զետեղվել, որի համաձայն՝ այս տարվա դեկտեմբերից թիմին հովանավորչական աջակցություն կցուցաբերի «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Հնարավոր է՝ «Ալաշկերտ» ՖԱ-ն անվանակոչվի «Ալաշկերտ-Տաշիր», նշված էր հայտարարության մեջ: Նշվում էր նաև, որ հովանավորչական այս հզոր ներդրումը կնպաստի Հայաստանի չեմպիոնի առաջընթացին և լավ նախադրյալներ կստեղծի, որպեսզի հայկական ակումբն առաջիկայում մրցունակ ելույթներ ունենա եվրոպական մրցասպարեզում և բարձր արդյունքներ արձանագրի՝ ուրախացնելով երկրպագուներին: Այսօր հայկական ֆուտբոլում ստեղծվել է երկու բևեռ. ֆուտբոլի ֆեդերացիան՝ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ և «Արարատը», որի նախագահն էլ Սամվել Կարապետյանն է: Այսինքն՝ Սամվել Կարապետյանը ներխուժում է ևս մեկ ոլորտ, այս անգամ ֆուտբոլային:
 
Հետաքրքիր է, արդյոք պայմանավորվածության եւ ներդրումային փաթեթի մեջ մտնո՞ւմ է նաեւ ֆուտբոլը, որը Հայաստանի իշխող համակարգի տնտեսա-քաղաքական քվոտավորման ենթակա ոլորտներից է: Ի դեպ, այդ տեսանկյունից ուշագրավ է նաեւ, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն էր, սակայն մի քանի ամիս առաջ թողեց այդ պաշտոնը: Հետաքրքիր է նաեւ, որ այդ կապակցությամբ աղմկոտ հայտարարություն էր արել սպորտի ծառուկյանական նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ասելով, որ թողնելով ֆեդերացիան, Սամվել Կարապետյանը մարզաձեւը դրեց բավական ծանր վիճակում, եւ միայն Գագիկ Ծառուկյանի միջամտությունն օգնեց խուսափել լուրջ խնդիրներից:
 
Նույն հայտարարության մեջ Ռոստոմյանը նշել էր նաեւ, թե հայկական ֆուտբոլն էլ զարգացում կունենա միայն այն դեպքում, երբ այնտեղ մուտք գործի Գագիկ Ծառուկյանը: Այդ հայտարարությունը Ծառուկյան-Հայրապետյան վաղեմի հակադրության տիրույթում էր, բայց փաստորեն ֆուտբոլ է մուտք գործում Սամվել Կարապետյանը, այսպես ասած, «երրորդ ուժի» սկզբունքով: Նա կհավակնի՞ ֆեդերացիան գլխավորելուն, թե՞ հայկական ֆուտբոլն էլ կանցնի, այսպես ասած, խորհրդարանական կառավարման մոդելի և կախված չի լինի մեկ մարդուց: Մի բան ակնհայտ է, Սամվել Կարապետյանն այս սպորտաձևում ներդրումներ կատարելով փորձում է ցույց տալ, որ այն ժամանակ իր հասցեին հնչած քննադատությունները անհիմն էին՝ նա սրտացավ է և կանգնում է հայկական ֆուտբոլի կողքին: Որքանով դա կնպաստի հայրենական ֆուտբոլի զարգացմանը, արդյոք Տաշիր Գրուպի կողմից ֆինանսավորվելուց հայկական ակումբները հաջողություններ կարձանագրեն՝ դեռ վաղ է ասել:
 
Որևէ մեկի համար, սակայն, գաղտնիք չէ, որ Հայաստանում չկա զուտ սպորտային դիմակայություն, նկատի ունենալով այն, որ սպորտը եւս հանդիսանում է Հայաստանի իշխանության տարբեր բեւեռների, օլիգարխիկ տարբեր թեւերի միջեւ քվոտավորված հարթություն, ինչպես տնտեսական եւ քաղաքական այլ հարթությունները: Բնական է, որ Սամվել Կարապետյանը ցանկություն ունի նաև այս հարթության մեջ ունենալ իր բաժնեմասը: Ու քանի որ սպորտային ոլորտները ղեկավարում են մարդիկ, որոնք նաեւ խոշոր կապիտալի եւ իշխանության կրողներ են` ամեն մեկն իր դերակատարության չափով, ապա նրանց միջեւ սպորտային դիմակայությունն անխուսափելիորեն ունենալու է նաեւ «քաղաքական» ազդեցություն: Գուցե պատահական չէ Սամվել Կարապետյանի կողմից հենց ֆուտբոլում ներդրումներ անելու ցանկությունը, հաշվի առնելով, որ վերջինս Կարեն Կարապետյանի հետ համատեղ Ներդրողների ակումբը ստեղծելուց հետո կատակել էր, թե ամեն օր գոլեր է խփելու:
 
Ստելլա Խաչատրյան