ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մինչև վաղը ժամը 12-ը վերջնաժամկետ է տվել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ իր պահանջները կատարելու համար: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա նշեց, որ իր պահանջները չկատարելու դեպքում պատրաստվում է դիմել ՀՀ գլխավոր դատախազին՝ Մուկուչյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով:

«Իմ կռիվն իր հետ չէր, բայց քանի որ ինքն իր վրա վերցրեց պետական գործիչների սխալը, ապա պետք է պատասխան տա իր հակաիրավական գործողության կամ անգործության համար»,- նկատեց նա: 

Հարցին՝ հնարավո՞ր է վաղը դադարեցնի հնգօրյա հացադուլը, Հայրիկյանը պատասխանեց.

«Ինչպես ասել եմ սկզբում՝ սա ցույց է, մի օր սկսում ես, մի օր վերջացնում: Ամեն բան պարզ կդառնա վաղը: Ես հույս ունեմ, որ ինքը կտա պաշտոնաթերթիկը»,- ասաց ԱԻՄ առաջնորդը՝ նշելով, որ այդ դեպքում կդադարեցնի հացադուլը:

Նշենք, որ նոյեմբերի 20-ին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հացադուլ էր սկսել ԿԸՀ-ի դիմաց: նա ցանկանում է  ստորագրահավաք սկսել՝ Սահմանադրությունը փոփոխելու նպատակով, սակայն  ԿԸՀ-ից բացասական պատասխան են տվել։ Հայրիկյանի պնդմամբ՝ ինքը հանրաքվե նախաձեռնելու իրավունք ունի և պետական կառույցի պարտականությունն է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելը: