Մինչ Հայաստանի բնակչությունն արագահաս տեմպերով գահավիժում է աղքատության անդունդը, բանից պարզվում է` Վանաձորում, ուր ինչպես հայտնի է, արդեն բավական տևական ժամանակ է` շարունակում են քաղաքական կրքեր եռալ, քաղաքապետարանը որոշել է յուրատեսակ «պրեսսինգի» ենթարկել քաղաքային բնակչությանը. 2018-ի հունվարի 1-ից մանկապարտեզների վարձավճարները բարձրանալու են, ու տնակային մանկապարտեզներում վարձավճարը սահմանվելու է 4000 դրամ` նախկին 3000 դրամի փոխարեն, իսկ ոչ տնակայինների պարագայում այն կսահմանվի 5000 դրամ` 4000-ի փոխարեն: Ավելին` սրան զուգահեռ քաղաքապետարանը որոշել է նաև այլևս ըմբռնումով չմոտենալ բնակիչների սոցիալական խնդիրներին ու աղբահանության վարձավճարների հարցում այլևս մարդկանց չընդառաջել. վճարը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվելու է տույժ` աղբահանության վճարի գումարի 0.15%-ի չափով:
Թե հատկապես ինչով է պայմանավորված Մամիկոն Ասլանյանի կողմից նման հակասոցիալական քաղաքականության որդեգրումն այն պարագայում, երբ վանաձորցիների սոցիալական վիճակը ժամանակի ընթացքում միմիայն վատանում է, իսկ նոր աշխատատեղեր էլ այլևս չեն ստեղծվում, անկեղծ ասած, ոչ մի կերպ հասկանալի չէ: Ենթադրելի է, որ քաղաքապետը պարզապես այսկերպ փորձում է հետ չմնալ ժամանակի տենդենցներից ու Հանրապետությունում նկատվող համընդհանուր գնաճի ֆոնին վանաձորցիներից կորզել ավելին, քան նախկինում էին անում: Այլ բացատրություն ուղղակի անհնար է գտնել, քանի որ վարձավճարների ավելացմանը զուգահեռ ո՛չ մանկապարտեզային պայմաններն են բարելավել, ո՛չ էլ մարդկանց տոկոսի տակ գցելը որևիցե կապ ունի քաղաքի աղբահանության չեղած բարելավման հետ: Այսինքն` մի կողից տեղի է ունենում ֆինանսական ճնշման փաստացի աճ, մյուս կողմից մատուցվող ծառայությունների որակը որևիցե կերպ չի բարելավվում: Համաձայնե՛ք` անլուծելի պարադոքս, որի լուծման բանաձևը, հավանաբար, հայտնի է միայն Մամիկոն Ասլանյանին:
Ցավոք, այս ամենը խոսում է քաղաքապետարանի` Վանաձորի բնակչությանը հուզող հոգսերին անհաղորդ լինելու մասին, ինչը, պետք է խոստովանել, միայն տեղային երևույթ չէ,այլ համատարած բնույթ է կրում:
Ասացե՛ք խնդրեմ` ումի՞ց է պակաս Մամիկոն Ասլանյանը
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ