Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Սամվել Բաբայանի և մյուսների գործով վերջին դատական նիստը: Սամվել Բաբայանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
Արմեն Պողոսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, և դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման, իսկ ամբաստանյալ Կարեն Քոչարյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Անդրանիկ Քոչարյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, և դատապարտվեց ազատազրկման 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի և փորձաշրջան կսահմանվի:
Դավիթ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, և դատապարտվեց ազատազրկման 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի և փորձաշրջան կսահմանվի:
Ժորա Զաքարյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով և 2 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվեց: Նրա նկատմամբ նույնպես պատիժը պայմանականորեն չի կիրառվի և կսահմանվի փորձաշրջան:
Սամվել Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:
Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը ձեռք բերելուն՝ դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով: