Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր Երևան է ժամանել Իրանի արտգործնախարար Մուհամադ Զարիֆը: Նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Հայաստանի և Իրանի արտգործնախարարներն այս պահին մասնակցում են հայ-իրանական բիզնես-ֆորումի բացման արարողությանը: Ուշագրավ է այն ժամանակահատվածը, երբ Իրանի ԱԳՆ ղեկավարը ժամանում է Երևան: Նոյեմբերի 24-ին ստորագրվեց ՀՀ-ԵՄ Շրջանակային համաձայնագիրը, և անշուշտ, Իրանն այստեղ ունի իր հետաքրքությունները: Անկախ ամեն ինչից, Հայաստանի միջազգային վարկը ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո էապես մեծանալու միտում ունի, և հարևան Իրանի արագ արձագանքը դրան՝ միանգամայն ընկալելի է: Մյուս կողմից՝ պաշտոնական Թեհրանը Ռուսաստանի և Թուրքիայի հետ է հարաբերություններն ինտենսիվորեն խորացնում: Եվ սա էլ իր հերթին՝ չի կարող վրիպել հայկական կողմի ուշադրությունից:
 
Երևանի ու Բրյուսելի միջև Շրջանակային համաձայնագիրը չի նշանակում Հայաստանի անդամակցում Եվրամիությանը, և նույնիսկ Ասոցացման պայմանագիր էլ չէ, սակայն այդուհանդերձ՝ ակնհայտ է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունը բարձրացվում է որակապես նոր մակարդակի, և պայմանագրի բարեհաջող իմպլեմենտացիան ենթադրելու է արդեն որակապես նոր Հայաստան: Իսկ դա չի կարող իր ազդեցությունը չթողնել Հայաստան-Իրան հարաբերության վրա: Իրանը Հայաստանին դիտարկում է որպես իրանական ապրանքները ԵԱՏՄ արտահանելու միակ և հուսալի հարթակ: Այդ մասին հայտարարել է հոկտեմբեր ամսին Հայաստան այցելած Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին։ Իսկ վերջին շրջանում թե′ եվրոպական, թե′ իրանական տարբեր աղբյուրներով շրջանառվող լուրերը հիմք են տալիս ենթադրելու, որ Հայաստանը կարող է դառնալ Իրանը ոչ միայն ԵԱՏՄ-ին, այլ նաև Եվրոպային կապող տարանցիկ երկիր:
 
Օրինակ, իրանական Mehr լրատվական գործակալության հոդվածում նշվում է, որ Իրանը՝ որպես Թուրքիային այլընտրանք, Եվրոպայի հետ կապ հաստատելու համար ընտրել է Հայաստանով և Ադրբեջանով դեպի Վրաստան-Սև ծով-Բուլղարիա-Հունաստան երթուղով նոր տարանցիկ միջանցք: Նույն պարբերականը նաև խոսում է Իրանի և Հունաստանի միջև կնքված համագործակցության պայմանագրի մասին, համաձայն որի՝ Իտալիա մեկնող իրանական բեռնատարները կարող են օգտագործել Հունաստանի նավահանգիստները: Իրանի ԱԳՆ ղեկավարի այցի օրակարգը չի կարող շրջանցել արցախյան թեման: Թեհրանի համար հույժ կարեւոր է, որ հյուսիսային սահմանին չհայտնվի երրորդ ուժ: Թեհրանը թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին միանգամայն բաց տեքստով հայտնել է այդ մասին, վերջին անգամ ամիսներ առաջ՝ Պաշտպանության նախարարի շուրթերով, որը Թեհրանում ընդունել էր Ադրբեջանի նախարարին: Բնական է, որ այս դիրքորոշումը Զարիֆը վերահաստատելու է նաև Երևանում:
 
Եթե հաշվի առնենք Հայաստանի երկարաժամկետ համագործակցության փորձը թե′ ԵՄ-ի, թե′ Իրանի Իսլամական Հանրապետության և ընդհանրապես իսլամական աշխարհի երկրների հետ, ապա Հայաստանը կարող է շատ լավ կամրջող դերակատարում ստանձնել Իրանի և Արևմուտքի հարաբերությունների հետագա զարգացման համար: Սա ինքնին՝ Հայաստանի համար համագործակցության նոր եզրեր է բացում թե′ Արևուտքի երկրների և թե′ Իրանի հետ:
 
 
Ստելլա Խաչատրյան