ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում շարունակվում է «Ելք» խմբակցության` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու առաջարկությունը ԱԺ նիստերի օրակարգ մտցնելու հարցի քննարկումը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ԵԱՏՄ-ի պատճառով Վրաստանից ներկրվող մանդարինի քանակի նվազմանն, ասաց.
«Շատերն այսօր ԵԱՏՄ-ն պաշտոնապես և ոչ պաշտոնապես ասոցացնում են Խորհրդային միության հետ։ ԵԱՏՄ-ում նույնիսկ մեր օլիգարխներին են խեղճացնում, քանի որ ավելի խոշորներն են մոնոպոլացնում տարբեր ոլորտները: Երեկվա լրահոսին հետևելով՝ ես հասկացա, որ այս ժամանակները երևի թե մեր գիտակցության մեջ կվերակենդանացնեն նաև Խորհրդային միության ասացվածքներ։ Դրանից ամենահայտնին և սեզոնայինը հետևյալն է՝ չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի Նոր տարին»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ երեկ պարզվեց, որ Վրաստանից 5 կգ-ից ավել մանդարին ներկրելու համար հարկավոր է 4 կգ փաստաթուղթ կցել դրան, և դա ԵԱՏՄ-ի նոր նվաճումն է. «Վրաստանի հետ մենք հիմա ազատ առևտրի համաձայնագիր ունենք և կարող ենք ոչ միայն 5, այլև 6, 7, նույնիսկ` 8 կգ մանդարին ներկրել Վրաստանից։ Բայց դրա համար պետք է ֆիտոսանիտարական, միջուկային, քիմիական, կենսաբանական և այլ բազմաթիվ տեղեկանքներ: Այսինքն՝ մարդը 1000 դրամի մանդարին պիտի գնի Սադախլոյից և 5000 դրամ ծախսի, գնա ԹիՖլիս, որ ֆիտոսանիտարական փաստաթուղթ ձեռք բերի, որ կարողանա մանդարին ներկրի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մի հատ լոլիկ ունեինք արտահանելու, այն էլ` պարզվում է, որ Ռուսաստանից է գալիս:
Պատգամավորը նկատեց նաև՝ եթե մինչև ԵԱՏՄ-ին անդամակցելը խոսվում էր միայն «Գազպրոմ»-ի մենաշնորհի մասին, ապա ներկայում նաև բենզինի մենաշնորհ կա. «Առաջ «Ֆլեշ»-ին ու CPS-ին էինք մեղադրում վառելիքի մենաշնորհ ունենալու մեջ, հիմա դրանք են «Ռոսնեֆտ»-ի պատճառով դարձել մենաշնորհի զոհ, քանի որ հիմա Հայաստանը միայն «Ռոսնեֆտ»-ի բենզին է ներկրում»,- ասաց նա:
Փաշինյանի ելույթին արձագանքեց նիստը վարող Արմեն Աշոտյանը. «Ձկնի'կ, լող տուր, լող արա, դրսի որսը թող արա»: