Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում տնտեսական գործունեության ոլորտում որոշ հանցագործությունների ապաքրեականացման վերաբերյալ հանձնարարական տվեց: Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ 2017 թվականի փետրվարին կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում՝ ապաքրեականացվեց 2 000000 դրամի չափով հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարները չկատարելու համար նախատեսված նորմը՝ այն բարձրացնելով մինչև 4 000000 դրամի, ինչպես նաև հստակեցվեցին այդ արարքների համար քրեական պատասխանատվության հիմքերը։
«Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների, ինչպես նաև գործարարների հետ քննարկումների արդյունքում առաջացել է քրեական օրենսգրքով նախատեսված որոշ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման հարցերին ընդհանուր անդրադարձ կատարելու անհրաժեշտություն։ Միջազգային լավագույն փորձում առկա քրեաիրավական զարգացումները ևս ընթանում են այդ ուղղությամբ՝ հիմք ընդունելով այն, որ նման հանցակազմերի մի մասը չունեն հանրային վտանգավորության բարձր աստիճան, ինչպես նաև դրանց իրավական այլ մեխանիզմների միջոցով արձագանքելու հնարավորությունը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների, Արդարադատության նախարարներին, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել քրեական օրենսգրքով նախատեսված տնտեսական գործունեության ոլորտում առկա այն հանցակազմերի ապաքրեականացման վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, որոնք ունեն հանրային վտանգավորության ցածր աստիճան և առկա են դրանց վարչական վարույթի, քաղաքացիական դատավարության շրջանակներում լուծման արդյունավետ հնարավորությունները: