ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 29-ին երգիչ Սեբու Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած և ուղևորից գումար ստացած ՃՈ երկու ոստիկաններից մեկին՝ Հայկազ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել. վերջինս կալանավորվել է:
Նշենք, որ Հայկազ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նույն օրը որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը:
Իսկ թե ինչ է սպասվում ավտոմեքենայի ուղևոր, կաշառք առաջարկած Լ. Բաղդասարյանին՝ հարցին ի պատասխան՝ Հայաստանի քննչական ծառայությունից տեղեկացրին, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով, մանրամասներ այս փուլում չեն կարող հաղորդել:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հայազգի երգիչ Սեբու Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած ՃՈ երկու տեսուչները ձերբակալվել էին՝ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ երգիչ Սեբու Սիմոնյանը հայտարարել էր. «Հիմա էլ դեռ կա, որ ոստիկանները մեքենաները կանգնեցնում ու կաշառք են ուզում…»:
Նշենք, որ պետավտոտեսուչների կողմից կաշառք պահանջելու և ստանալու մասին հայտարարության վերաբերյալ ծառայողական քննություն էր նշանակվել։
Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում նշանակված ծառայողական քննության ընթացքում պարզվել էր Ս․ Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած տեսուչների ինքնությունը։ Նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության ընթացքը կասեցվել էր, իսկ նյութերն ուղարկվել էին ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
Այս առնչությամբ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ ոստիկանները, կաշառք ստանալու դիտավորությամբ, նախնական համաձայնությամբ, ավտոմեքենայի ուղևոր Լ. Բաղդասարյանից ստացել են 56.800 ՀՀ դրամին համարժեք՝ 100 Եվրո կաշառք:
Սոնա Հարությունյան