Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագրի վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրելն ունի երեք կարևորագույն նպատակ։ Ազգային ժողովում լսումների մեկնարկին այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։ «Առաջին կարևոր նպատակն է համաձայնագրի վերաբերյալ հանրային իրազեկման արշավի մեկնարկը: Կարծում եմ, որ քաղաքական հարթության մեջ հանրային իրազեկումը կարևոր պայման է հաջող և արդյունավետ աշխատանքի համար, քանի որ Հայաստանի կառավարությունը և Եվրոպական Միությունը գտնում են, որ այս համաձայնագիրը միտված է բարելավելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը՝ այն դարձնելով ավելի բարեկեցիկ և արժանապատիվ»,- ընդգծեց Աշոտյանը:
Երկրորդ կարևոր նպատակը համաձայնագիրը կյանքի կոչելու գործում հասարակության ներառումն է, որովհետև ՀՀ քաղաքացիական հասարակությունն ունի հսկայական պոտենցիալ և համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու արդյունավետությունը բարձրացնելու համար կարևոր է ապահովել հասարակական հնարավորինս լայն ներառում այս գործընթացների մեջ:
Երրորդ նպատակը խորհրդարանական է. Արմեն Աշոտյանը կարծիք հայտնեց, որ համաձայնագրի վերաբերյալ լսումները կարելի է համարել խորհրդարանական վերահսկողության մեկնարկ համաձայնագրի կատարման հանդեպ: «Խորհրդարանական վերահսկողությունը մեր կառավարությանը, գործադիր իշխանությանն աջակցելու կարևորագույն գործիքներից է՝ հնարավորինս արագ կյանքի կոչելու այն բարեփոխումները, որոնք, նախևառաջ, ամրագրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ, իսկ մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ այդ բարեփոխումներն առավել արագ և արդյունավետ կյանքի կկոչվեն»,- ընդգծեց Աշոտյանը:
Նա հավելեց, որ Հայաստանի խորհրդարանի քաղաքական պարտականությունն է երկխոսության միջոցով հնարավորինս արագացնել Եվրոպական Միության անդամ երկրներում համաձայնագրի վավերացման գործընթացը, ինչը բավականին երկար և բարդ ընթացակարգ է: