Աշխարհահռչակ հայազգի ռոքեր, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում էր արել՝ կոչ անելով Հայաստանին ու դրա բնակիչներին հեռու մնալ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների արտադրական ոլորտի «հսկա» հանդիսացող Monsanto ընկերության արտադրանքից:

Թանկյանի խոսքով՝ կան բազմաթիվ ապացույցներ առ այն, որ Monsanto-ի հեղուկացիրները թունավորում են շրջակա միջավայրը:

Թանկյանի խոսքից հետո մասնագետների դեմ և կողմ կարծիքները լայն շրջանառության մեջ մտան, անգամ Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվեցին Հայաստանում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցեր:

ԼՈւՐԵՐ.com-ը դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ԳՄՕ պարունակող սննդի կիրառումը հնարավոր ի՞նչ բացասական հետևանքներ է ունենում մարդու ֆիզիոլոգիայի վրա, վերջինս պատասխանեց. «Այն մասնագետներն, ովքեր պնդում են, որ ԳՄՕ պարունակոող սնունդը որևէ բացասական հետևանք չի թողնում մարդու ֆիզիոլոգիայի և առողջության վրա, շատ լավ հասկանում են, որ իրենք ստում են: Նրանք դրանով ընդամենը լուծում են լոբբիի խնդիր: Բոլոր զարգացած երկրներում ընդունված է ԳՄՕ-ների կիրառումը սահմանափակող օրենսդրություն, հսկվում է դրանց մակնշումը, ինչը մեզ մոտ չկա: ԳՄՕ-ներն ի վերջո  առաջացել են աշխարհի աճող բնակչության սովամահության կանխարգելման համար, դա արհեստական սնունդ է, այնպես որ՝ ակնհայտ է, որ դա բացասական հետևանք չի կարող չթողնել»,-ասաց Վարդանուշ Պետրոսյանն՝ ընդգծելով, որ ԳՄՕ-ները մարդու մոտ բերում են գենետիկ մակարդակի փոփոխություն և առաջացնում որոշակի արատներ: