ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուին և Եվրոպայի խորհրդի փորձագետ Էլիզ Լատիֆային: Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի՝ 2017-2021 թվականների ինստիտուցիոնալ զարգացման ռազմավարության մշակման վերաբերյալ առաջարկությունները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սուրեն Քրմոյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ անձնական տվյալների պաշտպանությունը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է: Ըստ Ս. Քրմոյանի՝ Կառավարությունը, ընդունելով նոր օրենք, քաղաքական կամք է դրսևորել այս ոլորտը կանոնակարգելու ուղղությամբ:
Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն էլ իր հերթին է կարևորել հանդիպումը՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդն իր աջակցությունն է ցուցաբերելու Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության զարգացմանը:
Այնուհետև, ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանը ներկայացրել է Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքը, ոլորտում առկա վիճակը, ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության լիազորությունները և գործակալության՝ 2017-2018 թվականների գործողության ծրագիրը:
ԵԽ փորձագետ Էլիզ Լատիֆան ներկայացրել է Հայաստանի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի՝ 2017-2021 թվականների ինստիտուցիոնալ զարգացման ռազմավարության մշակման վերաբերյալ առաջարկությունները և նշել, որ իրենց նպատակն է աջակցել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում օրենսդրության զարգացմանը:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրող հարցեր: