«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը օրաթերթի հետ զրույցում հայտնել է, թե տարեվերջին պատրաստ կլինի մայրաքաղաքի երթուղային ցանցի փաթեթը: Իսկ հաջորդ տարվա վերջից կսկսեն ներդնել այն: Միաժամանակ, փոխքաղաքապետը չի բացառել, որ տրանսպորտի սակագինը կբարձրանա: Թե ինչ սակագին կորոշվի, դա նույնպես օրենքով սահմանված որոշող մարմինները կորոշեն, եւ չի բացառվում, որ տեխնիկական սակագինն ու գործող սակագինը տարբերվեն միմյանցից: Եթե միասնական համակարգ ենք կառուցում, մենք միասնական տոմսային համակարգ ենք ունենալու, նաեւ ենթադրվում է, որ ունենալու ենք էլեկտրոնային տոմսային համակարգ, որովհետեւ փոխինտեգրված ցանցի պարագայում այլ կերպ ուղղակի հնարավոր չէ: Կլինի միասնական սակագին, բայց սակագինը չի լինի մեկ միավոր կամ մեկ տեսակ:
Տեղեկացնենք, որ ամբողջ ծրագիրն իրականացնելու համար նախնական հաշվարկներով անհրաժեշտ է 80-100 մլն ԱՄՆ դոլար: Իսկ ով պետք է տա այս գումարները: Վահե Նիկոյանի հավաստիացմամբ` արդեն սկսվել են բանակցությունները ֆինանսական կազմակերպությունների հետ: Իսկ ինչպե՞ս է մարվելու այդ գումարը: Կանխատեսվում է, որ Երևան համայնքը ինքնուրույն ստանձնի այդ վարկային պարտավորությունները: Իսկ վարկի մարումը ակնկալվում է իրականացնել սակագնից, ամբողջությամբ թե՛ մասնակի, դա արդեն քննարկման արդյունքում պարզ կլինի.
Ընդ որում, անկախ ամեն ինչից նշենք՝ փոխադրավարձը շատ չի թանկանա, քանի որ տրանսպորտի համակարգի փոփոխման արդյունքում կստացվի այնպես, որ մարդը Ա կետից Բ կետը տեղափոխվելիս գոնե նվազագույնը երկու տրանսպորտից օգտվելով` կվճարի մեկ տրանսպորտի գնին հավասար: Սա, կարելի է ասել, թանկացում չէ: Եթե խոսենք, որ կարող է դառնալ, օրինակ, 150 դրամ և այդ գումարով օգտվեն երկու տրանսպորտից, որը կլինի որակապես լրիվ տարբեր, ապա այդ դեպքում թանկացում չենք կարող համարել: Ընդ որում, տվյալ դեպքում նաեւ տրանսպորտի քանակը կկրճատվի, բայց մարդիկ չեն տուժի, քանի որ իրենց անհրաժեշտ տեղից` Ա կետից Բ կետ հաստատ կհասնեն՝ երկու կամ երեք տրանսպորտի միջոցով, ինչը պայմանավորված է տրանսպորտային համակարգի փոփոխմամբ: Սակայն ցանկալի է, որպեսզի քաղաքապետարանում այնուամենայնիվ ուսումնասիրեն միջազգային փորձը , որպեսզի կա՛մ գինը մնա նույնը, կա՛մ մեկ գնի մեջ ներառվի` անկախ տրանսպորտի օգտվելու քանակից, քանի որ ամեն դեպքում, պետք է ներմուծվի մեկ տոմսի վճարման միջոցը, որն էլ ավելի կհեշտացնի ողջ գործընթացը:
Կթանկանա՞ ուղեվարձը: Դեռ ոչինչ որոշակի չէ, բայց ակնհայտ է, որ արդեն լուրջ հակամարտող երկու կողմ է գոյացել` բնակչությունը, որ օգտվում է հասարակական տրանսպորտից, և ուղևորափոխադրող միջոցները շահագործող տնտեսավարող սուբյեկտները: Քաղաքապետարանն այս երկուսի միջև մրցավարի դեր է ստանձնել և դեռ չի կողմնորոշվում, թե հաղթանակի դրոշը որ կողմի վրա թափահարի:
Ստելլա Խաչատրյան