ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 6-ին նիստ է հրավիրել, որի օրակարագրում ներառված է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին որոշման նախագիծ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ ՀԷՑ-ը խախտել է նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման համար նախատեսված առավելագույն ժամկետները:

Բացի այդ՝ խախտվել է նաև լրացուցիչ ուսումնասիրությունների իրականացման նպատակով սահմանված ժամկետը, որը երկարաձգվել է 2 անգամ՝ 10-ական օրով:

Ռոբերտ Նազարյանի ղեկավարած հանձնաժողովը որոշել է ընկերությանը ենթարկել տուգանքի` 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։

Ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում նշված գումարը պետք է 900005242327 hաշվեհամարով փոխանցի պետական բյուջե: