ԱԺ-ում այսօր 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ 2018թ.-ը լինելու է թանկացումների տարի. «Սա ընդունում է նաև Կառավարությունը, քանի որ եկող տարվա գնաճն արդեն կանխատեսվել է 4 տոկոս, որը վերջին տարիներին ամենաբարձրն է եղել: Այսինքն, իրականում ավելի մեծ է լինելու ու արդեն շատ ապրանքներ թանկացել են՝ կարագը շուրջ 39 տոկոսով, խոզի միսը՝ շուրջ 40 տոկոսով, տավարի միսը՝ շուրջ 20 տոկոսով, բենզինը՝ շուրջ 8 տոկոսով ու շարունակում են թանկանալ»:
Ըստ պատգամավորի՝ եկող տարի սպասվող թանկացումներն անխուսափելի են, քանի որ կապված են մի քանի գործոնների հետ. «Շուրջ 700 անուն ապրանքների մասով ԵԱՏՄ նոր մաքսատուրքերը ուժի մեջ են մտնում, մյուսը Հարկային նոր օրենսգիրքն է: Այսպիսով, 2018թ.-ին սպասվում է օղու, ծխախոտի, բենզինի, սեղմված բնական գազի, հավի մսի, ձկան, շաքարավազի, բուսական յուղի, թեյի, սուրճի, դեղորայքի, ատամի մածուկի եւ բազմաթիվ այլ ապրանքների թանկացումներ»,-ասաց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե նայում ենք այս կառավարության, այս խորհրդարանի, այս իշխանության ծագումնաբանությանը, սա շատ տրամաբանական մոտեցում է, շատ տրամաբանական, որովհետև գործող իշխանությունը այս ընտրություններում ստացել է յոթ հարյուր քանի հազար ձայն ու դրա իննսուն տոկոսը ստացել է ընտրակաշառքով՝ տասը հազար դրամը տվել են, ձայնը ստացել են։ «Հիմա որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե այս խորհրդարանական մեծամասնությունը ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի, որ ՀՀ քաղաքացիներն ավելի լավ ապրեն, քան մինչև ընտրությունները, ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի, որ աղքատությունը վերանա, ինչո՞ւ պետք է այս խորհրդարանական մեծամասնությունը ուզենա, որ մարդը լավ ապրի, որովհետև եթե մարդը լավ ապրեց, չի վերցնի այս 10 հազար դրամը ու կգնա ուրիշին կընտրի։ Այս իշխանությանը հարկավոր է, որ ՀՀ քաղաքացին 10 հազար դրամին «կակա» ասի», - հայտարարեց պատգամավորը։
«Ելք» խմբակցության ղեկավարի խոսքով՝ արհամարհանքը քաղաքացու նկատմամբ ոչ թե պլատոնական է, այլ շատ կոնկրետ. «2018թ. կենսաթոշակները չեն ավելանում, ընտանեկան նպաստները չեն ավելանում, բյուջետային հիմնարկների աշխատավարձերը չեն ավելանում եւ այլն: Սա, իհարկե, մեզ համար աընդունելի իրավիճակ է»: