Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է 2016թ. աղքատության պաշտոնական ցուցանիշները: Պետք է նկատել, որ պատկերն անհուսալի է: Ըստ այդ արդյունքների՝ աղքատության մակարդակը կազմել է 29,4 %՝ նախորդ տարվա՝ 29,8 %-ի համեմատ: Ընդհանուր թվաքանակի մեջ 1.8 %-ը ծայրահեղ աղքատ է, 8.0%-ը` շատ աղքատ, իսկ մնացած 19.6%-ը՝ ուղղակի աղքատ է: 2016թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 880 հազար մարդ։ Սա երկրում 10 բնակչից 3-ն աղքատ է, և սպառում է նախանշված 48 367 դրամից ավելի քիչ գումար:

Անդրադառնալով աղքատության ցուցանիշներին, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանն ասաց, որ սա նշանակում է՝ Հայաստանում բնակչության ամեն երրորդը աղքատության գծից ներքև է ապրում:

«Պետք է նկատել, որ սա միջին աղքատության ցուցանիշն է, քանի որ կա նաև աղքատության խորության և սրության խնդիր, որոնք ցույց են տալիս, թե որքանով է հեռու ծայրահեղ աղքատ շերտը աղքատության միջին շերտի սոցիալական վիճակից: Տեղի է ունենում աղքատության մեջ գտնվող սոցիալական խմբերի որոշակի բևեռացում և ծայրահեղ աղքատների ու աղքատների թիվը աճում է: Սկզբունքորեն դա խոսում է այն մասին, որ բնակչության ընդհանուր եկամտային բևեռացման տենդենցը խորանում է:

Ծախսերի մասով գնահատելու պարագայում, պատկերը փոքր-ինչ մեղմ է, որովհետև բոլոր եկամուտները չէ, որ հաշվառվում են և արտացոլվում պաշտոնական վիճակագրության մեջ»,- ասաց Մարգարյանը՝ ավելացնելով, որ ընդհանուր բնակչության եկամուտների բաշխման առումով՝ անհավասարությունը ևս խորանում է:

Նա նշեց՝ ԱՎԾ-ն հրապարակել է սոցիալական պատկերի ամփոփագիրը մինչճգնաժամանային ժամանակաշրջանում, թե ինչ փոփոխություններ են եղել 2008 թ-ի համեմատ, խոսում են միայն բացասական միտումների մասին: «Աղքատության վրա ազդել է մեր տնտեսության վերջին տարիների լճացած վիճակը: 2016թ. Հայաստանի տնտեսական աճի տեմպը նախորդ տարվա համեմատ ավելացել է 0,2 տոկոսով: Տեղի է ունեցել մասնավոր տրանսֆերների անկում 2015-16 թթ., որը Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացման հետևանք է»,- նշեց նա:

Նկատենք, որ Հայաստանում կառավարությունները, կարծես թե,  փոխվել են ոչ թե աղքատության դեմ պայքարելու, աղքատությունը վերացնելու համար, այլ հանրությանը 30 տոկոս աղքատությանը ադապտացնելու նպատակով: Ինչպես նշեց տնտեսագետը՝ թե՛ Հովիկ Աբրահամյանի, թե՛ Տիգրան Սարգսյանի կառավարության քայլերը հիմնականում արտահայտված են եղել արտաքին պարտքի բազմապատիկ աճը ապահովելով, իսկ կայունությունն ապահովել են արտաքին պարտքն ավելացնելու հաշվին: Այդ միտումները վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք ևս շարունակվում են: 

«Եթե տարվա կտրվածքով տնտեսական աճը մինչև 4,5-5 %-ի սահմաններում լինի, ապա հնարավոր կլինի որոշակիորեն շտկել տնտեսական իրավիճակը, և, հետևաբար, հետագայում սոցիալական հարցերի լուծման հիմքեր դնել: Բայց փաստ է, որ հաջորդ տարվա համար աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների աճ չի նախատեսվում և սա ուղղակի քաղաքականության ճաշակի խնդիր է: Իսկ կառավարության ճաշակը հենց կապիտալ ծախսերի ավելացման վրա շեշտադրում անելն է, քան սոցիալական խնդիրներ լուծելու, գոնե այս փուլում»,- ընդգծեց Մարգարյանը:

Սոնա Հարությունյան