ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն, անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե 2040 թվականին Հայաստանն ունենալու է 4 միլիոն բնակչություն, նկատեց՝ ներկայիս գործելաոճով կառավարությունը մեսիջ է ուղարկում, որ իր առաջնահերթությունը նախագահի ասածը չէ:

«Օրեր առաջ՝ կառավարության նիստի ժամանակ, հայտարարվեց, որ 32 միլիոն դրամի չափ գումար՝ «պատահմամբ» հայտնվել է բյուջեում՝ մանկապարտեզի շինարարության համար, սակայն ասացին, որ այդ գումարը պետք է հանեն՝ իբրև թե խնայողություն անելու համար: Քանի որ մանկապարտեզի շինարարությունն անմիջական կապ ունի բնակչության բնական աճի հետ, այդ իսկ պատճառով ինձ մոտ հարց առաջացավ՝ ինչպե՞ս կարող ենք 2040 թ. նախագահի հայտարարած 4 միլիոն բնակչությանը հասնել, եթե մենք խնայում ենք: Անցած տարվա կտրվածքով մենք արդեն ունենք բնակչության նվազում, այս 10 ամսվա տվյալները ևս ցույց են տալիս, որ ծնելիություն-մահացություն բալանսը խախտվել է: Եթե սրան գումարում ենք նաև արտագաղթը, ապա մեզ մոտ բացասական մնացորդ է ստացվում: Իսկ եթե ուզում ենք ավելացնել բնակչության թիվը, ապա պետք է ցույց տանք, որ մարդիկ ավելանում են երկրում»,- ասաց նա՝ սա որակելով հակասություն նախագահի ասածի և վարչապետի արածի միջև:

 Shadow economy, high unemployment, outflow of workforce and  disappointing state of  science are main challenges, Tatul Manaserian says

Տնտեսագետը բնակչության թվի նվազման հետ կապված այլ դիտարկումներ ևս արեց։ Խոսելով համայնքների խոշորացման մասին, Մանասերյանը նկատեց, որ այդ գործընթացը մեզ մոտ տեղի է ունենում բռնի ձևով՝ հաշվի չառնելով մարդկանց կարծիքները․ «Բազմաթիվ համայնքներում ամբողջ համայնքը, մարզպետները, համայնքապետերը դեմ են կանգնում խոշորացմանը, բայց կառավարությունը դրան չի նայում, քանի որ օրենքը այդ հնարավորությունը թույլ է տալիս: Սա երկրորդ կարևոր գործոնն է, որը վնասում է բնակչության աճին և ժողովրդագրական սպառնալիք է:

Մի քանի համայնքներ միավորվում են, սակայն դրանից որևէ օգուտ իրականում չկա, փոխարենը կա վնաս։ Քանի որ համայնքներից մեկի գյուղապետն է դառնում մյուսների համար ղեկավար, բնական է, որ իր ֆինանսական միջոցները պետք է ուղղի իր բնակավայր հանդիսացող համայնքի բարեկարգմանը, որը դժգոհություն է առաջացնելու մյուս համայնքներում, հետևաբար՝ քիչ-քիչ դատարկվելու են գյուղերը»,- նշեց տնտեսագետը և ընդգծեց՝ սա ոչ միայն ամոթալի երևույթ է, այլև վտանգավոր է  ազգային անվտանգության տեսանկյունից:

Նրա խոքով՝ բնակչության արտագաղթը բացարձակ չի հետաքրքրում ո՛չ վարչապետին, ո՛չ Տարածքային կառավարման նախարարին, իսկ այս տեմպերով մենք ոչ միայն չենք ունենա 4 միոլիոն բնակչություն, այլև ջուր կլցնենք այն մարդկանց ջրաղացին, ովքեր կանխատեսել են Հայաստանում 1 միլիոն բնակչություն:

Սոնա Հարությունյան