Ստոկհոլմի արքայական օպերայի շենքում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Ստոկհոլմի Կանանց Միջազգային ակումբի ամենամյա Սբ Ծննդյան բարեգործական ճաշկերույթը, որն այս տարի նվիրված էր Հայաստանին և կազմակերպվել էր ՀՀ դեսպանության հետ միասնաբար։
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ցերեկույթին ներկա էին արքայադուստր Մարիա Բերնադոտը, Շվեդիայում հավատարմագրված կին դեսպաններ և դիվանագետներ, շվեդ ազնվականության և մտավորականության ներկայացուցիչներ։
Ստոկհոլմի Կանանց Միջազգային ակումբի անունից նախագահ Պիրյո Սոպի-Սանդելը շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին և նրա տիկնոջն ամենամյա այս միջոցառումը հովանավորելու համար։
Միջոցառման ավելի քան 150 մասնակիցներ հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին, տոնական հայկական զարդարանքներով սեղանների շուրջ համտեսեցին հայկական քաղցրավենիքներ և գինի, ունկնդրեցին Կոմիտասի ստեղծագործությունները Շվեդիայում բնակվող հայ երաժիշտների «Հայկանի» տրիոյի կատարմամբ։
Մասնակիցներին բաժանվեց Հայաստանի և ամանորյա հայկական ավանդույթների մասին դեսպանության կողմից պատրաստված գրքույկ և հայկական զարդեր և քաղցրավենիք։
Բարեգործական աճուրդով վաճառված հայկական հուշանվերների, կոնյակների և գինիների ողջ հասույթը տրամադրվելու է «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին, որը սոցիալական աջակցություն է ցուցաբերում նյութապես անապահով կամ լքված մայրերին»։